ՀՀ–ի և ԵԱՏՄ երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է 90%-ով․ Փաշինյան

Ալմաթիում անցկացվում է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik․ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների միջև փոխադարձ առևտուրը շարունակում է դրական դինամիկա գրանցել։ Այս մասին Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ ասաց ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հայաստանի և ԵԱՏՄ երկրների միջև ապրանքաշրջանառությունը 2022 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է ավելի քան 90 տոկոսով և կազմել 4,6 մլրդ ԱՄՆ դոլար։ Ընդ որում, ծագման երկրի միջոցով ապրանքների ներմուծումն աճել է ավելի քան 50 տոկոսով»,–ասաց ՀՀ վարչապետը։
Նա ընդգծեց, որ միության հետագա զարգացման նպատակով պետք է շարունակել ներքին հնարավորությունների և ռեսուրսների ամուր հիմքի վրա հիմնված համակարգային և հետևողական աշխատանքը, որն ուղղված է տնտեսական զարգացման ապահովմանը, ազգային տնտեսությունների մրցունակության բարձրացմանը և անդամ երկրների քաղաքացիների բարեկեցությանը։
ԵԱՏՄ երկրների շարքում տեղեկատվական անվտանգության հարցերի շուրջ տարակարծություններ կան
Այդ նպատակներին հասնելու համար, ըստ Փաշինյանի, կարևոր է ստեղծել բիզնեսի համար հարմարավետ պայմաններ, աշխատել խոչընդոտների վերացման ուղղությամբ, ձեռնարկատիրության ոլորտում ավելացնել փոխգործակցությունը: ՀՀ վարչապետի խոսքով՝ որոշիչ դեր են խաղում արտադրության բոլոր փուլերում արտադրողներին աջակցելուն ուղղված միջոցառումները։Հիշեցնենք` ղազախական Ալմաթիում անցկացվում է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը։
ԵԱՏՄ կազմում ընդգրկված են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։