Երևանում թմրամիջոցի շրջանառության դեպք է բացահայտվել. ձերբակալվածը 27–ամյա երիտասարդ է

Թմրանյութի փաթեթները պետք է իրացվեին «Տելեգրամ» հավելվածում գրանցված էջի միջոցով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպք է բացահայտել։ Տեղեկությունը հայտնում է ՔԿ–ի մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` փետրվարի 2-ին՝ ժամը 12:40-ին, ապօրինի թմրամիջոցներ ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով Երևանի Մոլդովական փողոցում ձերբակալվել և ոստիկանության Նոր Նորքի բաժին է տեղափոխել Երևան քաղաքի՝ 1996թ. ծնված բնակիչ:
Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ընդհանուր մոտ 26.9 գրամ քաշով, նախնական տվյալներով, «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի նմանվող դեղնականաչավուն զանգվածի 30 հատ փաթեթ։
Երևանում 28-ամյա երիտասարդը մահացել է թմրանյութի փաթեթ կուլ տալուց հետո
Իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հիշյալ երիտասարդը Նոր Նորք վարչական շրջանի տարբեր հատվածներում արդեն իսկ տեղադրել է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի թվով 5 հատ փաթեթ, որոնք պետք է իրացվեին «Տելեգրամ» հավելվածում գրանցված էջի միջոցով։
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (թմրամիջոցների շրջանառությունը շահադիտական դրդումներով, խոշոր չափերով) նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում է նախաքննություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ թմրամիջոցը ձեռք բերելու աղբյուրը, թմրամիջոցի ապօրինի շրջանառությանը մասնակից այլ անձանց շրջանակը պարզելու համար:
«Վանաձոր» ՔԿՀ տեսակցության գնացած կինը մարմնում հեռախոս և փաթեթներ է թաքցրել