ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն առաջարկում է Հայաստանում հավատարմագրված դեսպաններին Լաչինի ճանապարհով Արցախ տանել, որպեսզի տեսնեն` ճանապարհը բա՞ց, թե՞ փակ է։ Սարգսյանը նման կարծիք հայտնեց ԱԺ–ում Լաչինի թեմայով «Հայաստան» խմբակցության կազմակերպած լսումների ժամանակ։
«Հաշվի առնելով այն, որ ինչ հավաքվել է Գորիսում որպես հումանիտար օգնություն՝ մնացել է այնտեղ, ինչպես նաև հաշվի առնելով, որ Հաագայի դատարանում Ադրբեջանի կողմից վարձված փորձագետներն ասում էին` ճանապարհը բաց է, ապա առաջարկում եմ ՀՀ–ում հավատարմագրված դեսպաններին` Ռուսաստանի և ԱՄՆ դեսպանին, ԵՄ դեսպան Անդրեա Վիտորինիին և մյուսներին ավտոշարասյունով ուղեկցել դեպի Արցախ։ Հիմա գործողություններ անելու կարիք կա, որպեսզի հասկանանք` ՀՀ-ն միայն խոսքո՞վ է պահպանում իր քաղաքացիներին, թե՞ գործով»,–ասաց Սարգսյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից Լեռնային Ղարաբաղի համար հավաքված մարդասիրական օգնությունը գտնվում է Գորիսում, սակայն ադրբեջանցի «էկոակտիվիստների» կողմից ճանապարհի փակման պատճառով հնարավոր չէ այն տանել Արցախ։
Ի դեպ, ադրբեջանական կողմը, ներկայացնելով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, ինչպես նաև ռուս խաղաղապահների մեքենաների` Լաչինի ճանապարհով ժամանակ առ ժամանակ անցնելը, հայտարարում էր, թե ճանապարհը փակ չէ։ Հաագայի դատարանում Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի հայցի ժամանակ էլ պնդել էին այս թեզը։