Քերոբյանը բանկերի հետ քննարկել է բնակարանների վաճառքի ժամանակ խարդախության դեմ նախագիծը

Վահան Քերոբյան
Առաջարկվող սխեմայի համաձայն` բնակարանի գնորդը գումարը փոխանցում է ակրեդիտիվով, բայց կառուցապատողը չի կարող օգտագործել այն, քանի դեռ պատշաճ ձևով բնակարանը չի հանձնել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը բանկային ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկել է քաղաքացիական օրենսգրքում նոր փոփոխությունների նախագիծը: Էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ քննարկվել է բնակարանների առուվաճառքի ժամանակ ակրեդիտիվների կիրառման հնարավորությունը:
Էկոնոմիկայի նախարարության մշակած նախագծով առաջարկվում է կառուցապատողի հատուկ հաշվին փոխանցումը փոխարինել ակրեդիտիվի բացման մեխանիզմով։ Նախարարը ներկայացրել է տվյալ փոփոխության անհրաժեշտությունը` նշելով, որ մասնագետների կողմից ներկայացված առաջարկները նույնպես կդիտարկվեն։
Հանդիպման մասնակիցները ներկայացրել են իրենց դիրքորոշումը փաստաթղթային ակրեդիտիվի կիրառման վերաբերյալ՝ հաշվի առնելով կառուցապատման ոլորտում առկա խնդիրները և բանկային ռիսկերը։
ՀՀ անշարժ գույքի առուվաճառքի շուկայում ՌԴ քաղաքացիներն առաջին տեղում են
Ակրեդիտիվը ենթադրում է, որ միջոցները կպահվեն բանկում, ընդ որում` գնորդը չի կարողանա հետ կանչել, բայց կառուցապատողն էլ չի կարողանա դրանք տնօրինել այնքան ժամանակ, քանի դեռ բնակարանը գնորդին չի հանձնել (վերանորոգված կամ առանց վերանորոգման` կախված պայմանագրից): Այս մեխանիզմը շատ երկրներում է օգտագործվում և երաշխիքներ է ստեղծում կառուցապատողների հնարավոր անբարեխիղճ վարքագծի դեմ, երբ նրանք գումար են վերցնում գնորդից ու անհետանում։
Նշենք, որ վերջին մի քանի տարվա ընթացքում Երևանում մի քանի այդպիսի դեպք է գրանցվել։ Հարցը լուծելու համար տարբեր մեխանիզմներ են քննարկվել (դրանցից մեկի համաձայն` կառուցապատողը երաշխիքային ավանդ է դնում բանկում, ըստ մյուսի` նա ապահովագրում է իր պատասխանատվությունը գնորդների նկատմամբ, մոտավորապես ինչպես ԱՊՊԱ-ի դեպքում): Արդյունքում կառավարությունը կազմել է ակրեդիտիվների նախագիծը, որն արդեն ներկայացված է ՀՀ արդարադատության նախարարության կայքում։
Թանկ և առանց երաշխիքի. Երևանում բնակարանների վարձակալության շուկան բարձիթողի վիճակում է