ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. Վերին Լարսի անցակետով Վրաստանից Ռուսաստան ճանապարհը փակ է մնում բեռնատարների համար ձյան և մերկասառույցի պատճառով: Այս մասին այսօր հայտնել է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը։
«Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածը փակ է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների համար»,–ասված է հաղորդագրության մեջ:
Թեթև մարդատար տրանսպորտային միջոցների անցումը թույլատրվում է: Շարժումն իրականացվում է շարունակաբար՝ պաշտպանիչ թունելների միջոցով։
Նշենք, որ ճանապարհը բեռնատարների համար փակվել է երեկվանից։
Հիշեցնենք, որ Վրաստանը Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի սողանքային վտանգ ունեցող հատվածը (Գուդաուրի-Կոբի) շրջանցող ճանապարհի շինարարություն է իրականացնում։ Խոսքը Խաչի լեռնանցքի տակով անցնող 9–կիլոմետրանոց թունելի մասին է։
Նախատեսվում է կառուցել 22,7 կմ երկարությամբ ճանապարհ, ինչպես նաև 6 կամուրջ և 5 թունել։ Շինարարությունը նախատեսվում է ավարտել 2024 թվականի վերջին։