ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. Արցախ վերադառնալիս ԿԽՄԿ–ն իր հետ տարել է դեղորայք և պարագաներ տեղական բուժհաստատությունների համար։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
Նշենք, որ այսօր ավելի վաղ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ էր տեղափոխվել 6 բուժառու (այսպիսով Արցախից Հայաստան տեղափոխած հիվանդների թիվը դարձավ 66):
ԿՄԽԿ–ն այսօր հայտնել էր նաև, որ հունվարի 6-ին կազմակերպությունը սնունդ և հիգիենայի պարագաներ է բաժանել ութ հիվանդանոցների, վերականգնողական կենտրոնի, ավելի քան 300 անապահով տարեցների խնամքի հաստատությանը և սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին աջակցող կենտրոնին, իսկ հունվարի 30-ին սկսել սննդի և հիգիենայի փաթեթներ են բաժանել կարիքի մեջ գտնվող հղիներին։
Հիշեցնենք` 2022 թ. դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից սկսած` ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։