ԵԱՏՄ-ն գործում է արդյունավետ և սահուն՝ չնայած արտաքին ճնշմանը. Միշուստին

Միշուստինն ընդգծել է, որ միասին հնարավոր է դիմակայել ամենադժվար մարտահրավերներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրները միասին կարող են դիմակայել գլոբալ փոփոխություններին, որոնք առաջացել են Արևմուտքի քաղաքականության պատճառով։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում։
«Միասին մենք ի վիճակի ենք դիմակայել ամենաբարդ մարտահրավերներին, ինչպիսիք են կորոնավիրուսը, դրա հետևանքները, ինչպես նաև այսօր տեղի ունեցող գլոբալ փոփոխությունները, որոնք դարձել են հավաքական Արևմուտքի քաղաքականության հետևանքը»,- ասել է Միշուստինը։
Նրա խոսքով` չնայած արտաքին ճնշումներին և միջազգային ծանր իրավիճակին, միությունը գործում է համակարգված և արդյունավետ՝ հիմնված փոխադարձ աջակցության և ի հայտ եկած խնդիրները ժամանակին լուծելու պատրաստակամության վրա։
«Այս մոտեցումը մեզ թույլ է տալիս պահպանել կայունությունը և շարունակել աշխատել ի շահ մեր երկրների»,- ընդգծել է Միշուստինը։
Նշենք, որ 2023 թվականին ԵԱՏՄ-ի նախագահությունը Ղրղզստանից փոխանցվել է Ռուսաստանի Դաշնությանը։
Միշուստինը Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի իր գործընկերներին փոխանցել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բարեմաղթանքները։
«Ռուսաստանի Դաշնությունը կապահովի ինտեգրման ամրապնդման կուրսի շարունակականությունը։ Դա անհրաժեշտ է մեր ողջ մակրոտարածաշրջանի տնտեսական կայունության համար»,- ասել է Միշուստինը:
Նա հիշեցրել է Պուտինի խոսքերը ԵԱՏՄ-ի կայուն զարգացման, ասոցիացիայի արդյունավետության և արդիականության մասին։ Նրա խոսքով` միության գոյության ընթացքում պետությունների միջև փոխադարձ առևտրի բացարձակ ծավալն աճել է ավելի քան մեկուկես անգամ, արտաքին առևտուրն աճել է կիսով չափ։
Հիշեցնենք` այսօր և վաղը Ալմաթիում կանցկացվի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը։
Նիկոլ Փաշինյանն այսօր Ալմաթիում կհանդիպի ՌԴ վարչապետի հետ
Բացի ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարներից և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահից, հրավիրված են նաև ԵԱՏՄ-ին կից դիտորդ պետությունների ներկայացուցիչները, ԱՊՀ գլխավոր քարտուղարը և Եվրասիական զարգացման բանկի ուԿայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի ղեկավարները:
Միջկառավարական խորհրդի նիստի օրակարգում ներառված են առևտրատնտեսական համագործակցության, տեխնիկական կարգավորման, ԵԱՏՄ ինտեգրված տեղեկատվական համակարգի հարցերի լայն շրջանակ և այլ արդիական թեմաներ:
Ալմաթիում ԵԱՏՄ միջկառավարական խորհրդում կստորագրվի արժութային կարգավորման համաձայնագիր
Փետրվարի 3-ին ԵԱՏՄ երկրների վարչապետները կմասնակցեն «Digital Almaty» ամենամյա համաժողովի լիագումար նստաշրջանին: Ավանդաբար ֆորումի աշխատանքներին մասնակցում են ականավոր քաղաքական և հասարակական գործիչներ, խոշոր ընկերությունների ղեկավարներ, ՏՏ բիզնեսի առաջնորդներ և թվային ոլորտի փորձագետներ։