Բլինկենի նոր խորհրդականը ներկայացնելու է ԱՄՆ-ն ՄԽ համանախագահության ձևաչափում. Պետդեպ

Պետքարտուղարության մամուլի փոխխոսնակը հայտնել է, որ Բոնոն վայելում է Բլինկենի և դեպարտամենտի վստահությունն այս նոր դերը ստանձնելու հարցում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. Կովկասում բանակցությունների հարցով ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի նոր ավագ խորհրդական Լուիս Բոնոն ներկայացնելու է ԱՄՆ-ն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում, ինչպես իր նախորդները։ Ճեպազրույցում այս մասին հայտնել է ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի փոխխոսնակ Վեդանտ Պատելը` անդրադառնալով Բոնոյի նշանակմանը։ Այս մասին տեղեկանում ենք Պետդեպի կայքից։
«Էնթոնի Բլինկենը խոսել է Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների հետ` սա մի բան է, ինչը շարունակելու ենք անել։ Ինչ վերաբերում է պարոն Բոնոյին, ապա նա առաջնորդելու է Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության ուղղությամբ ԱՄՆ ներգրավվածությունը։ Սա Բայդենի վարչակազմի համար մշտական առաջնահերթություն է»,–ասել է Պատելը։
Նրա խոսքով` Բոնոն պետքարտուղարությունում ավագ ղեկավար է, որը զգալի փորձ ունի բարդ հարցերի շուրջ աշխատելու: Բացի այդ, ըստ Պատելի, Բոնոն վայելում է Բլինկենի և դեպարտամենտի անձնական վստահությունն այս նոր դերը ստանձնելու հարցում։
Փարիզն ազդակներ է ուղարկում, որ պատրաստ է Արցախի հարցով վերականգնել ԵԱՀԿ ՄԽ–ն. ՌԴ ԱԳՆ
Հիշեցնենք, որ նախկինում Բոնոն եղել է ՄԱԳԱՏԷ-ում և ՄԱԿ-ի կազմակերպություններում ԱՄՆ ներկայացուցչի պաշտոնակատար Վիեննայում, ինչպես նաև զբաղեցրել է ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալի խորհրդականի և պետքարտուղարի տնտեսական ու գործարար հարցերով տեղակալի պաշտոնը: