ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի – Sputnik. Յուրաքանչյուր զինծառայող, լինի սպա թե ժամկետային, խորապես պետք է գիտակցի, որ ինքը հայրենիքի պաշտպանության գործում ունի իր մասնաբաժինը։ Սպայական և կրտսեր հրամանատարական կազմի ներկայացուցիչների հետ առանձնազրույցներում այս հայտարարությունն է արել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Տեղեկությունը հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Պապիկյանն այսօր անակնկալ այցով եղել է ՊՆ N զորամասում՝ հետևելով օրվա կարգացուցակով սահմանված ծառայության կազմակերպմանը։
«Յուրաքանչյուրի բարեխիղճ ու պատասխանատու ծառայությամբ է պայմանավորված բանակի մարտունակության բարձրացումը։ Պետք է համատեղ ջանքերով հասնել պատրաստված և արհեստավարժ բանակի»,– ասել է Պապիկյանը։
Զրուցելով կրտսեր հրամանատարական կազմի շարքերը վերջերս համալրած սերժանտների հետ` նախարարը նշել է, որ չափազանց կարևոր է նրանց դերն ու առաքելությունը ինչպես նորեկներին սովորեցնելու, կրթելու, այնպես էլ նրանց ու սպայակազմի միջև կապող օղակ դառնալու առումով։
Սուրեն Պապիկյանն առանձնազրույցներ է ունեցել սպաների ու սերժանտների հետ
© Photo : press office of MoD of RA
Հանդիպումների ընթացքում նախարարը վստահեցրել է, որ բոլոր խնդիրներին, որոնք անմիջական զրույցի ընթացքում բարձրաձայնել են զինծառայողները, լուծումներ կտրվեն։
Սուրեն Պապիկյանն առանձնազրույցներ է ունեցել սպաների ու սերժանտների հետ
© Photo : press office of MoD of RA
Հիշեցնենք` Պապիկյանն ասել էր, որ զորամասեր անակնկալ այցելելը շարունակական բնույթ է կրելու։