Քրգործ է հարուցվել Գեղարքունիքի զորամասի կացարանում բռնկված հրդեհից տուժած սպայի նկատմամբ

Զորամասի այրված կացարանը
Պարզվել է , որ Ե.Հ–ն շահագործվող վառարանը վառելու նպատակով օգտագործել է 5 լիտր տարողությամբ ավտոբենզինով լցված տարա, ինչի հետևանքով կացարանում հրդեհ է բռնկվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի – Sputnik. Հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներական ծառայության սպա, կապիտան Ե.Հ.-ի նկատմամբ, որը Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում գտնվող զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում փորձել է բենզինով վառել վառարանը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։
Քրեական հետապնդում է հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ):
Վաշտի կացարանի հրդեհի գործով հարցազրույց տված դասակի հրամանատարն ազատվել է ծառայությունից
«Ձեռք են բերվել բավարար փաստեր այն մասին, որ Ե.Հ.-ն 2023 թվականի հունվարի 19-ին` ժամը 00:40-ի սահմաններում, հանդիսանալով նստեցման շրջանի պատասխանատու, խախտել է շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութի՝ ավտոբենզինի հետ վարվելու վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված պահանջը, ըստ որի՝ հրդեհային անվտանգության նպատակով արգելվում է վառարանները վառելու համար որպես կպչան, ավտոբենզինի և այլ տեսակի դյուրավառ հեղուկների օգտագործումը»,– ասված է հաղորդագրությունում։
Դատախազությունը հայտնում է, որ Ե.Հ.-ն, Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի 1-ին փողոցի 20-րդ տուն հասցեում տեղակայված` ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի անձնակազմի համար նախատեսված կացարանում շահագործվող վառարանը վառելու նպատակով, օրվա հերթապահից ճշտելով այդ ստորաբաժանմանը հատկացված դիզելային վառելիքի և ավտոբենզինի գտնվելու վայրը, սեփական նախաձեռնությամբ, կացարանի հարակից տարածքում բացազատված ավտոհավաքակայանից վերցրել է տրանսպորտային միջոցների մեկնարկիչները գործի գցելու համար հատկացված՝ 5 լիտր տարողությամբ ավտոբենզինով լցված տասը տարաներից մեկը, վերադարձել է կացարան և վառարանը վառել ավտոբենզինով: Դրա հետևանքով հրդեհ է բռնկվել։
ՀՀ ՊՆ համապատասխան մի շարք պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից իրենց ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունքի հետևանքով հակահրդեհային պաշտպանության համապատասխան միջոցներ չեն եղել, և կացարանում գտնվող զինծառայողները ոչ միայն չեն կարողացել մարել հրդեհը, այլև հնարավոր չի եղել կոտրել կացարանի պատուհաններին ամրացված երկաթյա ճաղավանդակները և դուրս գալ այնտեղից:
Հիշեցնենք` հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետևանքով զոհվել է 15, վնասվածքներ ստացել` 7 զինծառայող, նրանցից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել, 3–ը տեղափոխվել են Երևան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Երկուսի վիճակը ծանր է։
Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարն ու այլ բարձրաստիճան զինվորականներ։
Քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ)։ Քրեական վարույթ է նախաձեռնվել նաև պաշտոնատար անձանց կողմից հրդեհային անվտանգության սահմանված կանոնները չպահպանելու, դրա հետ կապված գործառույթները կատարելու հարցում առերևույթ անփութություն դրսևորելու փաստի առթիվ։
Այս գործով կալանավորվել է ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գոռ Աղեկյանը։