ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի – Sputnik. Այս պահին մի քանի տասնյակ կանայք հավաքվել են Հայաստանում ԵՄ պատվիրակության դիմաց և խաղաղ ակցիա են իրականացնում ի աջակցություն Արցախի կանանց և աղջիկների։ Նշենք, որ արցախցի կանայք օրեր առաջ բաց նամակ էին հղել Եվրամիության հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին և պահանջել, որ նա իր գործողություններով նպաստի Արցախի ապաշրջափակմանը։
Խաղաղ ակցիա Հայաստանում ԵՄ պատվիրակության դիմաց
© Sputnik / Artak Aghababyan
Խաղաղ ակցիայի նախաձեռնողներից մեկը` Արաքսյա Գրիգորյանը հայտնեց, որ իրենք Արցախի կանանց մտահոգություններն ու խոսքերը ձևակերպել են և նամակով կհանձնեն ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին։
Նամակում Անդրեա Վիկտորինին կոչ է արվում քայլեր ձեռնարկել Արցախը ապաշրջափակելու և Ադրբեջանի տեռորիստական գործողությունը դադարեցնելու ուղղությամբ։
Խաղաղ ակցիա Հայաստանում ԵՄ պատվիրակության դիմաց
© Sputnik / Artak Aghababyan
Նա և ակցիայի մյուս մասնակիցները միջազգային հանրության ջանքերը բավարար չեն համարում Լաչինի միջանցքի հարցով։
Մասնակիցները նախ բարձրաձայն կարդացին իրենց կոչը, ապա նամակը հանձնեցին պատվիրակության աշխատակիցներից մեկին։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։