ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի – Sputnik. Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Լիզա Գրիգորյանի նախագահությամբ, բավարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դստեր՝ Շուշան Փաշինյանի հայցադիմումն ընդդեմ «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ–ի նախագահ Նարեկ Սամսոնյանի։ Որոշումը հրապարակվել է դատական տեղեկատվական համակարգում։
Շուշան Փաշինյանը 2020թ.–ի փետրվարի 26–ին հայցադիմում էր ներկայացրել դատարան ընդդեմ Նարեկ Սամսոնյանի` նրա հրապարակումն իր հասցեին որակելով որպես զրպարտություն, պահանջելով հրապարակայնորեն հերքել ու վճարել փոխհատուցում 2 մլն դրամ` որպես պատվին և արժանապատվությանը հասցված ոչ նյութական վնաս։ 2021-ի ամռանը հայտնի դարձավ, որ առաջին ատյանի դատարանը` ի դեմս դատավոր Զարուհի Նախշքարյանի, մերժել է Շուշան Փաշինյանի հայցը։ Սակայն վերաքննիչ քաղաքացիական դատարանը որոշել էր բեկանել առաջին ատյանի դատարանի վճիռը՝ գործն ուղարկելով նոր քննության։
Այժմ դատական տեղեկատվական համակարգում նշված է, որ դատավոր Լիզա Գրիգորյանը որոշել է մասնակի բավարարել Շուշան Փաշինյանի հայցը (վերջինս նաև 2 մլն դրամ փոխհատուցում էր պահանջել)։ Ըստ այդմ` Սամսոնյանը պարտավոր է հերքել իր հայտարարությունները, ինչպես նաև վճարել 8000 դրամ Շուշան Փաշինյանին` որպես հայցադիմում ներկայացնելու համար վճարված պետական տուրքի գումար։ Բացի այդ, Սամսոնյանից պետք է բռնագանձվի 70 000 դրամ` որպես վերաքննիչ բողոք ներկայացնելու համար հայցվորի կողմից վճարված պետական տուրքի գումար:
Հավելենք, որ որոշումը ենթակա է բողոքարկման։
Հիշեցնենք, որ 2020 թվականի հունվարի 26-ին Նարեկ Սամսոնյանը Facebook–ի իր էջում գրել էր. «Վարչապետի միջնեկ աղջիկը հոր՝ վարչապետ դառնալուց հետո շատ-շատ ա հավանել սև իկռան: Ու դե քանի որ մեր վարչապետն էլ ալամ աշխարհի գերագույն գլխավոր խմբագիրն ա, երեխու խաթրը չի կարողանում կոտրել ու տենց երևանյան ռեստորաններից մեկից (ռեստորանի անունը հատուկ չեմ տալիս դեռ) հաճախակի 1 կիլոգրամը 3 հազար դոլարով մեր «սուրբ» Նիկոլը երեխու համար իկռա ա առնում»: