ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. ՊՆ N զորամասի զինծառայող Ա. Ա.-ի հրազենային վիրավորում ստանալու դեպքով մեղադրանք է ներկայացվել դիրքի ավագի օգնականին, նա կալանավորվել է։ Տեղեկությունն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
«Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով վարութային և ապացուցողական գործողությունները շարունակվում են»,–գրել է Աբրահամյանը։
Հիշեցնենք` հունվարի 29–ի երեկոյան ՊՆ–ն տեղեկացրեց, որ նախնական տվյալով` զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով, հրազենային վիրավորում է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Ա. Ա.-ն:
Հաղորդվում էր, որ ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի ավագի օգնական, պարտադիր ժամկետային զինծառայողը դիրքում ծառայություն իրականացնող մեկ այլ պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ա.Ա.-ին ամրակցված ԱԿ-74 տեսակի գործարանային համարի ինքնաձիգը լիցքաթափելիս արձակել է մեկ կրակոց։ Դրա հետևանքով վերջինս գլխի հատվածում ստացել է հրազենային վիրավորում և տեղափոխվել բուժհաստատություն։
Հունվարի 30–ին զինվորին վիրահատել են, նրա առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։
Զինծառայող Ա. Ա.-ի հրազենային վիրավորում ստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (զենքի հետ վարվելու կանոնները խախտելը)։