Սեպտեմբերյան ագրեսիայի գործով մեղադրյալ են ճանաչվել նաև ժամկետային զինծառայողներ

Ռազմական ոստիկանություն
ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող Մ. Մուրադյանին մեղադրանք է առաջադրվել զինվորական ծառայության առանձին պարտականությունների կատարումից հրաժարվելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի - Sputnik. 2022 թ. սեպտեմբերյան ագրեսիայի դեպքով հարուցված քրեական գործերով մեղադրյալ են ճանաչվել նաև ժամկետային զինծառայողներ։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Պարբերականի տվյալներով՝ ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող Մ. Մուրադյանին մեղադրանք է առաջադրվել զինվորական ծառայության առանձին պարտականությունների կատարումից հրաժարվելու համար։
«Նա սեպտեմբերի 19-ին առանց համապատասխան թույլտվության թողել է մարտական կիրառման շրջանը, իսկ սեպտեմբերի 21-ին ներկայացել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն»,– գրում է թերթը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վերահսկողության վարչության պետ Պերճ Այվազյանը հայտարարել էր, որ սեպտեմբերյան ագրեսիայի գործով մեղադրյալների թիվը հասել է 16-ի, նրանցից 6-ը կալանավորված են։
Տուժող են ճանաչվել և հարցաքննվել 600-ից ավելի անձինք, այդ թվում` զոհվածների մերձավոր հարազատները, հարցաքննվել են 1500-ից ավելի վկաներ։
Քրեական վարույթի շրջանակում նշանակվել է 7 տասնյակից ավելի փորձաքննություն, Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի 12 համայնքներում զննվել են ավելի քան 100 դեպքի վայրեր:
Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։
Քննչական կոմիտեն սեպտեմբերի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197 զինծառայող և 4 քաղաքացիական անձ, վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց 17 գերիների։