ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով հերթական դատական նիստը հետաձգվեց, քանի որ թարգմանիչը ներկա չէր։
Նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը հայտնեց, որ անգլերենի թարգմանիչը վատառողջ լինելու պատճառով չի կարողացել ներկայանալ դատարան։ Սակայն, հաշվի առնելով, որ թարգմանված նյութերում եզրույթների հետ կապված պարզաբանումների անհրաժեշտություն կա, դրանք պետք է ուսումնասիրվեն թարգմանիչի ներկայությամբ, ուստի դատական նիստը ենթակա է հետաձգման։
Միաժամանակ, Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը խնդրեց դատարանին, որ փետրվարի 7-ին նիստ չնշանակվի, քանի որ ԵԽ աշխատանքային նիստ կա, որին պետք է օնլայն ձևաչափով մասնակցի Արմեն Գևորգյանը։
Դատավորը որոշեց հաջորդ դատական նիստը նշանակել փետրվարի 14-ին, ժամը 13-ին։
Հիշեցնենք, որ «Սիլվայի գործով» վերջին` 2022-ի դեկտեմբերի 20-ին նշանակված դատական նիստը կրկին հետաձգվել էր, քանի որ Ռոբերտ Քոչարյանը ներկա չէր նիստին։
Իսկ դրա նախորդ` դեկտեմբերի 13-ի նիստը հետաձգվել էր, քանի որ դատարանին ներկայացված թարգմանիչը չուներ համապատասխան փաստաթղթեր։
ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը որպես մեղադրյալ են անցնում մեկ քրեական գործի շրջանակներում։ Քոչարյանին մեղադրում են առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու, իսկ Գևորգյանին՝ փողերի լվացման մեջ։