ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. ԱՄՆ-ն կարող է միջուկային զենք կիրառել հանուն Հարավային Կորեայի պաշտպանության։ Այս հայտարարությունն արել է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը, որի խոսքը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
«Կորեայի Հանրապետությունը պաշտպանելու մեր հանձնառությունը առաջվա պես անփոփոխ է։ Միացյալ Նահանգները հավատարիմ է ընդլայնված զսպման ոլորտում իր ստանձնած պարտավորությանը, որը ենթադրում է ԱՄՆ ռազմական միջոցների ամբողջական փաթեթի օգտագործում` ներառյալ սովորական և միջուկային զենքը, ինչպես նաև հակահրթիռային պաշտպանության միջոցները»,– ասել է նա:
Օսթինի խոսքով՝ ԿԺԴՀ-ն անհամար սադրանքներ է իրականացրել 2022 թվականին, Վաշինգտոնը Սեուլի հետ դատապարտել է այդ վտանգավոր գործողությունները, որոնք, նրանց կարծիքով, խարխլում են տարածաշրջանի իրավիճակը։
Ավելի վաղ Հյուսիսային Կորեայում մեկնաբանել էին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի այցը Հարավային Կորեա։ ԿԺԴՀ միջազգային քաղաքականության գիտական ընկերության աշխատակից Կիմ Դոն Մենը նշել էր, որ այդ հանդիպումը սառը պատերազմի նախերգանք է։