Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունն ու Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավարությունը պատրաստ են համագործակցել միմյանց հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ նման քննարկում եղել է ՆԳ նախարար Վահե Ղազարյանի և ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավարության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերի հանդիպմանը։
Ղազարյանը ներկայացրել է ներքին գործերի նախարարության ձևավորման գործընթացը, ինչպես նաև նախարարությունում իրականացվող բարեփոխումների ընթացքը:
Ղազարյանը ներկայացրել է պարեկային ծառայության աշխատանքը, ընդգծել դրա կարևորությունը և հավելել, որ այս տարի ծառայությունը կներդրվի հանրապետության ողջ տարածքում։
«Վահե Ղազարյանը շեշտել է ՄԹ ցուցաբերած աջակցությունը և հույս հայտնել, որ այսուհետ ևս դեսպանությունը կաջակցի ՆԳ նախարարությունում իրականացվող բարեփոխումներին։ Նա նաև շեշտել է, որ գերատեսչությունն էլ պատրաստակամ է համագործակցել ու փորձի փոխանակումն ավելի խորացնել»,– ասված է հաղորդագրությունում։
Ջոն Գալագերին, անդրադառնալով մի շարք ոլորտներում ցուցաբերած թիրախային աջակցությանը, պատրաստակամություն է հայտնել շարունակել արդյունավետ համագործակցությունը հատկապես այն ուղղություններով, որոնք նախարարությունն առաջնահերթ կհամարի։
Կողմերը խոսել են ճանապարհային երթևեկության անվտանգության ոլորտի մասին և ընդգծել տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոնի կարևորությունը։
Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս։