ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. Դեսպանի ժամանակավոր հետկանչից և Թեհրանում Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչության վրա իրականացրած զինված հարձակումից հետո Մեծ Բրիտանիան չի նախատեսում փակել իր դեսպանատունն Իրանում։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, խորհրդարանում հայտարարել է Բրիտանիայի արտգործնախարար Ջեյմս Քլեվերլին։
«Իրանում մեր դեսպանի հետ վերջերս եմ խոսել, երբ նրան ժամանակավոր հետ էի կանչել Թեհրանից։ Մենք քննարկել ենք դեսպանատան և այնտեղ աշխատող մարդկանց անվտանգությանն առնչվող հարցեր։ Սակայն ես իսկապես շատ կարևոր եմ համարում Թեհրանում մեր դեսպանության աշխատանքին աջակցելը», – ասել է նա` պատասխանելով Իրանում Բրիտանիայի դեսպանատան հավանական փակման վերաբերյալ պատգամավորի հարցին։
Դիվանագիտական հարաբերությունների պահպանումը, ըստ նրա, այլ պետության տարածքում անհրաժեշտ է Բրիտանիայի քաղաքացիների և երկրի շահերի պաշտպանության համար, իսկ Լոնդոնը միշտ ուշադիր հետևում է իր դեսպանատների անվտանգությանը։
Հունվարի 14-ին իրանական ԶԼՄ–ները հայտնել էին, որ երկրի իշխանություններն ի կատար են ածել մահապատիժը Մեծ Բրիտանիայի և Իրանի քաղաքացի Ալիրեզա Աքբարիի նկատմամբ, որին դատապարտել էին հօգուտ բրիտանական հատուկ ծառայությունների լրտեսություն իրականացնելու համար։ Իրանական ԶԼՄ–ներում Աքբարին ներկայացված էր որպես երկրի պաշտպանության նախարարի տեղակալ։
Բրիտանիան Իրանին հորդորել էր չեղարկել մահապատիժը։ Դատավճիռն իրականացնելու հետո Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ջեյմս Քլեվերլին հայտարարեց, որ Լոնդոնը ժամանակավոր հետ է կանչել Թեհրանում իր դեսպանին։ Մեծ Բրիտանիան նաև պատժամիջոցներ կիրառեց Իրանի գլխավոր դատախազ Մոհամադ Ջաֆար Մոնթազերիի նկատմամբ։