ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի տեղակալ Սեյեդ Մասուդ Միրքազեմին քննարկել են 2 երկրի միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարները։ Տեղեկությունը հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
Քննարկումները եղել են Թեհրանում հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 17-րդ նիստի պայմանավորվածությունների ընթացքը մշտադիտարկող հանձնախմբի նիստի շրջանակում։
«Կողմերը խոսել են նաև էներգետիկայի և տրանսպորտի ոլորտում առկա համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Մտքեր են փոխանակվել առևտրատնտեսական հարաբերությունների՝ այդ թվում ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության զարգացման և ընդլայնման համար բարենպաստ պայմանների ստեղծման շուրջ»,– ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ նիստի նախօրեին կայացել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԻԻՀ նախագահի տեղակալ Սեյեդ Մասուդ Միրքազեմիի աշխատանքային հանդիպումը։
Հանձնախմբի աշխատանքների շրջանակում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, էկոնոմիկայի, շրջակա միջավայրի նախարարների տեղակալների մասնակցությամբ տեղի են ունեցել առանձին թեմատիկ քննարկումներ՝ հայ-իրանական համագործակցության փոխշահավետ ուղղություններով առկա խնդիրները վերհանելու և դրանց լուծման ուղղությամբ համատեղ միջոցառումներ իրականացնելու նպատակով։
«Մշտադիտարկող հանձնախմբի նիստի ավարտին փոխվարչապետը նշել է, որ Իրանը Հայաստանի համար բարեկամ երկիր և կարևոր գործընկեր է։ Նա կարևորել է նման ձևաչափով պարբերական քննարկումների անցկացումը։ Գրիգորյանը Միրքազեմիին հրավիրել է Երևան հաջորդ նման ձևաչափով նիստը անցկացնելու համար»,– նշում են կառավարությունից։
Երկուստեք ընդգծվել է, որ արձանագրված խնդիրների լուծումները մշտապես կլինեն 2 երկրի կառավարությունների ուշադրության կենտրոնում։