ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. Իրանի անվտանգության ուժերը պարզել են Սպահան քաղաքում պաշտպանության նախարարության օբյեկտի վրա հարձակում գործած անօդաչու թռչող սարքեր արտադրողին։ Տեղեկությունը հայտնում է ISNA գործակալությունը՝ հղում անելով Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդին մոտ կանգնած աղբյուրներին։
Գործակալությունն արտադրողի անունը չի նշում։
«Սպահանում պաշտպանության նախարարության ռազմական օբյեկտի վրա հարձակման ժամանակ խոցված դրոններից մեկի մասերի տեխնիկական փորձաքննության արդյունքում արժեքավոր տեղեկություններ են պարզվել, որոնք տրամադրվել են անվտանգության մարմիններին։ Անօդաչու թռչող սարքի բաղադրիչների, դրա շարժիչների, սնուցման և նավիգացիայի համակարգի վերլուծության և առկա նմուշների հետ դրանց համադրման շնորհիվ ճշգրիտ որոշվել է անօդաչու թռչող սարքերի արտադրողը»,-նշվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ հունվարի 29-ի գիշերը Իրանի կենտրոնական մասում գտնվող Սպահան քաղաքում ուժեղ պայթյուն էր որոտացել։ Ավելի ուշ երկրի ՊՆ-ն հայտնել էր ռազմական օբյեկտներից մեկի վրա պայթուցիկ սարքերով բեռնված դրոններով գրոհելու անհաջող փորձի մասին։ Անօդաչու թռչող սարքերից մեկը խոցվել էր, մյուս երկուսը հայտնվել էին պաշտպանական թակարդների մեջ և պայթել։
Նույն գիշերը երկրի հյուսիս-արևմուտքում պայթյուն և դրան հաջորդած հրդեհ էր տեղի ունեցել շարժիչային յուղի արտադրության ձեռնարկությունում։
Al-Jazeera հեռուստաալիքը, հղում անելով իրանցի պաշտոնյային, հայտնել էր, որ նախնական նշանները վկայում են Սպահանում հարձակմանը Իսրայելի մասնակցության մասին: