ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի - Sputnik. Իրանի դեմ ԱՄՆ-ի ցանկացած ռազմական գործողություն կնշանակի, որ ԱՄՆ-ն պատերազմի մեջ է մտնում։ Այս մասին, ինչպես հաղորդում է Newsweek ամսագիրը, հայտարարել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչությունը Սպահանում անօդաչուների հարձակումից հետո։
«Իրանի տեսանկյունից ռազմական տարբերակի օգտագործումը ցանկացած մակարդակում նշանակում է, որ ԱՄՆ-ն պատերազմի մեջ է մտնում։ Առայժմ Իրանը դա քիչ հավանական է համարում»,-նշել են ներկայացուցչությունում։
Առաքելությունում հավելել են, որ եթե ԱՄՆ-ն «սխալ հաշվարկ անի և պատերազմ սկսի», ապա հակամարտության հետևանքների համար պատասխանատվություն կկրի Վաշինգտոնը:
Միաժամանակ ներկայացուցչությունում ընդգծել են, որ «անկասկած, Իրանը իր անվտանգությունն ու շահերը պաշտպանելու հնարավորություն ունի»:
ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարության (Centcom) ներկայացուցիչ Ջոն Մուրը պարբերականին հայտնել է, որ երկրի զինված ուժերը անցած հանգստյան օրերին «չեն մասնակցել Իրանին հարված հասցնելու գործողությանը»:
ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարության (Centcom) ներկայացուցիչ Ջոն Մուրը պարբերականին հայտնել է, որ երկրի զինված ուժերը անցած հանգստյան օրերին «չեն մասնակցել Իրանին հարված հասցնելու գործողությանը»:
Իր հերթին Պենտագոնի ներկայացուցիչը պարբերականին հայտնել է, որ ԱՄՆ Զինված ուժերը «ոչ մի հարված չեն հասցրել» և Իրանում ոչ մի գործողություն չեն իրականացրել` հավելելով, որ գերատեսչությունում շարունակում են հետևել իրավիճակին:
Հիշեցնենք, որ հունվարի 29-ի գիշերը Իրանի կենտրոնական մասում գտնվող Սպահան քաղաքում ուժեղ պայթյուն էր որոտացել։ Ավելի ուշ երկրի ՊՆ-ն հայտնել էր ռազմական օբյեկտներից մեկի վրա պայթուցիկ սարքերով բեռնված դրոններով գրոհելու անհաջող փորձի մասին։ Անօդաչու թռչող սարքերից մեկը խոցվել էր, մյուս երկուսը հայտնվել էին պաշտպանական թակարդների մեջ և պայթել։
Նույն գիշերը երկրի հյուսիս-արևմուտքում պայթյուն և դրան հաջորդած հրդեհ էր տեղի ունեցել շարժիչային յուղի արտադրության ձեռնարկությունում։
Al-Jazeera հեռուստաալիքը, հղում անելով իրանցի պաշտոնյային, հայտնել էր, որ նախնական նշանները վկայում են Սպահանում հարձակմանը Իսրայելի մասնակցության մասին: