Գնաճը 2023-ին երկրորդ կեսին կթուլանա, տարեվերջին կհասնի 4 տոկոսի. ԿԲ նախագահ

Բարձր պահանջարկն ու գնաճային ճնշումները ՀՀ տնտեսության որոշ ոլորտներում դեռ շարունակվում են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. 2022թ–ին Հայաստանում գրանցաված գնաճը 2023թ–ի երկրորդ կեսից աստիճանաբար կթուլանա և կկայունանա նպատակային 4-4.5 տոկոսի միջակայքում։ Այս մասին այսօր ասուլիսում հայտարարեց ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը` ներկայացնելով ԿԲ–ի տարեկան կանխատեսումները։
Ներկա պահին, ԿԲ նախագահի խոսքով, գնաճը թեև աստիճանաբար մեղմանում է, բայց դեռ շարունակում է որոշակի ազդեցություն ունենալ տնտեսության առանձին ոլորտներում։
«2022թ–ի վերջին ՀՀ տնտեսությունում բարձր ակտիվությունը պահպանվել է, որին շարունակել է նպաստել առևտրի և ծառայությունների ոլորտում ձևավորված արտաքին բարձր պահանջարկը։ Միաժամանակ պահպանվել են արտահանման և ՀՆԱ–ի ներուժի դրական միտումները ծառայությունների և արդյունաբերության ճյուղերում»,– ասաց ԿԲ նախագահը։
Բարձր պահանջարկը դեռևս պահպանվում է աշխատուժի շուկայում։Դա արտահայտվում է աշխատավարձերի աճով, ինչն էլ իր հերթին առաջացնում է առանձին ծառայությունների ու ապրանքների գների աճ։
Հավելենք, որ ՀՀ ԿԲ–ն այսօր որոշում է կայացրել վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխ` 10.75, հաշվի առնելով դեկտեմբերին գնաճի դանդաղման փաստը։
Հիշեցնենք`պաշտոնական տվյալներով՝ սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2022թ– նոյեմբերը 2021թ–ի նոյեմբերի նկատմամբ) կազմել է 8.8%, իսկ 2022թ–ի դեկտեմբերին` 8.3։
Գնաճի ցուցանիշը կտրուկ կմեծանա, ինչն ուղղակի կզրոյացնի կառավարության ջանքերը. Պարսյան