Արցախից Հայաստան 3 հիվանդ է տեղափոխվել. երկուսը ուռուցքային հիվանդություններ ունեն

Կարմիր խաչի մեքենաները. Արխիվային լուսանկար
3 հիվանդներն էլ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան այսօր 3 հիվանդ է տեղափոխվել, հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
Մինչ այդ հիվանդները բուժում են ստացել Արցախի Հանրապետական բժշկական կենտրոնում։ Նշվում է, որ երկուսը ուռուցքային հիվանդություններ են ունեցել, իսկ մեկը` վիրահատության կարիք։
3 հիվանդներն էլ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։
Հիշեցնենք, որ ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։
«Արևիկ» բուժմիավորումում 7 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում: «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 12 բուժառու գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 5-ը ծայրահեղ ծանր վիճակում են։
Մինչ այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան են տեղափոխվել ընդհանուր 58 հիվանդ։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից սկսած` ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։