ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. Ադրբեջանի կողմից հունվարի 27–ին հայկական կողմին փոխանցված զոհված հայ զինծառայողի աճյունի մոտ եղել է սեպտեմբերյան մարտերի հետևանքով անհետ կորած զինծառայող Վահե Թորոսյանի զինվորական գրքույկը։ Տեղեկությունը հայտնում է news.am-ը, որը խոսել է Վահեի հոր՝ Արամ Թորոսյանի հետ։
Վահեի հորը փոխանցել են, որ նույնականացման գործընթացի պատասխանը հայտնի կլինի 1-2 օրից։
«Մարմինն անճանաչելի է։ Հեռախոս է եղել մոտն ու իր զինվորական գրքույկը, բայց մենք ամեն դեպքում սպասում ենք ԴՆԹ փորձաքննության պատասխանին»,- ասել է նա։
Հիշեցնենք` ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Ադրբեջանը հունվարի 27-ին հայկական կողմին է փոխանցել 2022թ. սեպտեմբերի 13-14-ը Սյունիքի Ներքին Հանդ բնակավայրի ուղղությամբ զոհված հայ զինծառայողի մարմինը:
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Վահեն 9 ամսվա զինծառայող է եղել, Կապանի զորամասից Ներքին Հանդ գյուղի դիրքեր էին տարել սեպտեմբերի 12-ին, հաջորդ օրը վիրավորում էր ստացել` գլխի, ոտքի և ձեռքի։ Այդպես նա մնացել էր ձորակում։ Սեպտեմբերի 15-ին վիրավոր վիճակում կապվել էր ընկերոջ հետ և բացատրել, որ Ներքին Հանդում է։
Հիշեցնենք նաև, որ սեպտեմբերյան ագրեսիայի ընթացքում հայկական կողմի զոհերի թիվը հասնում է 224–ի, որոնցից 3-ը քաղաքացիական անձինք են:
Նշենք, որ քննչական կոմիտեի տվյալներով` սեպտեմբերից անհետ կորած է համարվում 3 զինծառայող։