Հովիկ Աբովյանի ապօրինի ունեցվածքը. դատախազությունը բռնագանձման պահանջ է ներկայացրել

Նախկին պաշտոնյան չեխական ընկերությունում նաև շուրջ 1,5 մլն դրամ արժեքով բաժնետոմսեր է ձեռք բերել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik. Տավուշի նախկին մարզպետ Հովիկ Աբովյանից ապօրինի ծագում ունեցող անշարժ ու շարժական գույքի, խոշոր չափերի գումարի բռնագանձման պահանջ է ներկայացվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարանին` Հովիկ Աբովյանից և վերջինիս փոխկապակցված անձանցից հօգուտ ՀՀ–ի բռնագանձել 11 անշարժ գույք, որոնցից հինգը՝ Երևան քաղաքում, վեցը՝ Տավուշի մարզում։ Նշվում է, որ գույքի բռնգանձման անհնարինության դեպքում անհրաժեշտ է Տավուշի նախկին մարզպետից բռնագանձել դրանց միջին շուկայական արժեքները՝ 1 մլրդ 256 մլն 765 հազար դրամ։ Բացի այդ, պահանջ է ներկայացվել բռնագանձելու նաև երեք շարժական գույք, երկու իրավաբանական անձանցում մասնակցության իրավունք, չեխական ընկերությունում գնված բաժնետոմսերի ձեռքբերման արժեքը՝ 1 մլն 608 հազար 540 դրամ։
«389 մլն 257 հազար 456 դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել»,– տեղեկացնում են գլխավոր դատախազությունից։
Գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ այսպիսով արդեն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ ներկայացված քսանվեցերորդ հայցադիմումն է ընդունվել վարույթ:
Ապօրինի հարստացել է, չի ներկայացրել հայտարարագիրը. Բաղմանյանի նկատմամբ քրգործ է հարուցվել
Հիշեցնենք, որ Հովիկ Աբովյանը Տավուշի մարզպետ էր նշանակվել 2014 թ. մայիսի 15-ին, ազատվել էր այդ պաշտոնից 2018 թվականի հունիսի 1-ին։