ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik. Կրեմլը հերքել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնի պնդումները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի «հրթիռային հարվածի» սպառնալիքի մասին։
Ավելի վաղ Ջոնսոնը բացահայտել էր Պուտինի հետ իր զրույցի մանրամասները, որը տեղի է ունեցել Ուկրաինայում ռուսական հատուկ ռազմական գործողության սկսվելուց քիչ առաջ։ Նա ասել է, որ նախազգուշացրել է Պուտինին ռազմական գործողությունների սկսվելու դեպքում պատժամիջոցներ սահմանելու մասին, ինչպես նաև հավաստիացրել է, որ Ֆրանսիան ու Գերմանիան տեսանելի ապագայում թույլ չեն տա Ուկրաինայի անդամակցումը ՆԱՏՕ-ին: Նախկին վարչապետը նաև հայտարարել է, որ զրույցի ընթացքում Պուտինը, իբր, իրեն սպառնացել է հրթիռային հարվածով։
«Ոչ, այն, ինչ ասել է պարոն Ջոնսոնը, ճիշտ չէ, ավելի ճիշտ՝ սուտ է։ Եվ ավելին կասեմ՝ եթե դա գիտակցված սուտ է, այդ ժամանակ հարց է առաջանում, թե ինչ նպատակով է նա ընտրել շարադրանքի նման տարբերակը։ Եթե դա չգիտակցված է եղել, ուրեմն փաստացի նա չի հասկացել, թե ինչ է ասել նախագահ Պուտինը»,-ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների հարցին։
Նա նաև նշել է, որ գիտի, թե ինչի մասին է եղել Պուտինի և Ջոնսոնի զրույցը։
«Ես գիտեմ, թե ինչի մասին էր խոսքը եղել այդ զրույցի ժամանակ և մեկ անգամ ևս պաշտոնապես կրկնում եմ՝ դա սուտ է։ Հրթիռային հարվածների ոչ մի սպառնալիք չի եղել։ Խոսելով ՌԴ անվտանգության համար մարտահրավերների մասին՝ նախագահ Պուտինը նշել է, որ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության դեպքում մեր սահմանների մոտ ՆԱՏՕ-ի կամ ամերիկյան հրթիռների պոտենցիալ տեղակայումը կնշանակի, որ ցանկացած հրթիռ հաշված րոպեների ընթացքում կհասնի Մոսկվա», - պարզաբանել է Պեսկովը։
Նա նաև կարծում է, որ եթե Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնի մասնակցությամբ BBC-ով լույս տեսնող վավերագրական ֆիլմը ընթանա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից «սպառնալիքի» մասին ցուցադրված հատվածի ոգով, ապա լրագրողները չպետք է «ժամանակ վատնեն դրա վրա:
Ավելի վաղ Guardian թերթը հայտնել էր, որ Ջոնսոնը պատմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցի մասին (հատուկ գործողության սկսվելուց քիչ առաջ) երեք մասից բաղկացած վավերագրական ֆիլմի եթերում, որը կհեռարձակվի հունվարի 30-ին։