Մոսկվան ողջունում է Երևանի և Անկարայի միջև երկխոսության առաջընթացը. ՌԴ ԱԳՆ

Հայ-թուրքական սահման. Արխիվային լուսանկար
ՌԴ արտգործնախարարությունը կապ է պահում Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի - Sputnik. Մոսկվան ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության առաջընթացը, քանի որ դրանով հեռանկարներ են բացվում 2 երկրի կապերի վերականգնման համար։ Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ կայքում տեղադրված՝ ԶԼՄ–ների հարցերին տված պատասխաններում, որոնք ստացվել են 2022 թվականին ռուսական դիվանագիտության գործունեության արդյունքներն ամփոփող մամուլի ասուլիսին։
ՀՀ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը հունվարի 6-ին հայտարարել էր, որ թուրքական կողմը Հայաստանին տեղեկացրել է ուղիղ բեռնափոխադրումների արգելքի վերացման մասին։
ՌԴ ԱԳՆ–ից ընդգծել են, որ հենց ՌԴ հովանու ներքո է տրվել Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման մեկնարկը` 2022 թվականի հունվարին, երբ Մոսկվայում առաջին անգամ հանդիպեցին Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանը և Սերդար Քըլըչը։
«Երկուսի հետ մենք այսօր էլ սերտ կապի մեջ ենք։ Ողջունում ենք վերջին առաջընթացները, որոնք հեռանկարներ են բացում հայ–թուրքական կապերի վերականգնման համար, ինչը կնպաստի տարածաշրջանային իրավիճակի հետագա առողջացմանը»,– ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում։
Հիշեցնենք` Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկել, և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին. Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։
Ավելի ուշ ԱԳՆ-ն հայտարարեց, որ կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորման բանակցությունները՝ առանց նախապայմանների։
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը կայացավ 2022-ի հունվարի 14-ին Մոսկվայում, մյուս երեքը` փետրվարի 24-ին, մայիսի 3-ին և հուլիսի 1-ին Վիեննայում։