ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik. Խորվաթիայի նախագահ Զորան Միլանովիչը կարծում է, որ ռազմական գործողությունների ընթացքում զգալի կորուստների պատճառով Ուկրաինան կարող է զրկվել արական սեռի բնակչությունից, իսկ եվրոպական երկրները ոչինչ չեն ձեռնարկում հակամարտությունը լուծելու համար։ Նա իր տեսակետը հայտնել է «Vijesti»–ի հետ զրույցում։
Խորվաթիայի նախագահը Արևմուտքի երկրների դիրքորոշումը բարոյազուրկ է անվանել, քանի որ, նրա կարծիքով, ԵՄ-ն և ԱՄՆ-ն կարող են նպաստել հակամարտության դադարեցմանը։ Միլանովիչի խոսքով ՝ խաղաղասերներն ու Արևմուտքում խաղաղության համար պայքարողները ցանկանում են հարբել ուրիշի արյունով։
«Լուծումը Ռուսաստանում իշխանափոխությունը չէ։ Իսկ Խարկովում գերմանական տանկերն ավելի կմիավորեն ռուսներին և կմտերմացնեն ՉԺՀ-ի հետ, ինչն արդեն իսկ տեղի է ունենում։ Դա քաղաքականապես խելամիտ չէ և վնասում է Արևմուտքին», – նշել է քաղաքական գործիչը։
Բացի այդ, Միլանովիչը վստահ է, որ զինված հակամարտության ներկայիս զարգացումը հանգեցնելու է «այրված հողի» մարտավարության:
Խորվաթիան պարբերաբար տարբեր օգնություն է ցուցաբերում Ուկրաինային, սակայն նախագահն ինքը բազմիցս հայտարարել է, որ դեմ է խորվաթ զինվորականների մասնակցությանը ռազմական գործողություններին։