Կարմիր խաչի միջնորդությամբ 19 քաղաքացի Լեռնային Ղարաբաղից տեղափոխվել է Հայաստան

Կարմիր խաչ
Հերթական ընտանիքները կվերամիավորվեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik. Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Լաչինի միջանցքով այսօր 19 քաղաքացի Լեռնային Ղարաբաղից տեղափոխվել է Հայաստան։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
«Նրանք կվերամիավորվեն իրենց ընտանիքների հետ»,– ասաց Ամատունին։
Կարմիր խաչի միջնորդությամբ 11 քաղաքացի Հայաստանից տեղափոխվել է Լեռնային Ղարաբաղ
Նշենք, որ դեկտեմբերի 12-ից, երբ Շուշի–Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող միակ Ստեփանակերտ–Գորիս ճանապարհը, շուրջ 1100 անձ զրկված էր իր տուն վերադառնալու հնարավորությունից, որոնց թվում էին ավելի քան 270 երեխա։
Դեկտեմբերի 13-ից սկսած` ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։