Դասասենյակում շոգ է, միջանցքում մինուս էլ է լինում. 323 դպրոց՝ առանց ջեռուցման համակարգի

Նորատուսի թիվ 3 միջնակարգ դպրոցում
Հայաստանյան դպրոցների մի մասի ջեռուցման համակարգի այլընտրանքը վառարաններն են։ Իսկ որքանո՞վ են դրանք արդյունավետ ու անվտանգ` Sputnik Արմենիան այցելել է դպրոցներ և տեղում ծանոթացել իրավիճակին։
Sputnik
Հայաստանում գործող մոտ 1400 հանրակրթական դպրոցների 20 տոկոսից ավելին` 323 դպրոց ջեռուցման համակարգերով ապահովված չեն։ Այդ դպրոցները տաքացվում են կամ հեղուկ վառելիքով, կամ փայտով և կամ էլ էլեկտրական տաքացուցիչներով։ Այս մասին են փաստում Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տրամադրած տվյալները։
Հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի ինժեներասակրավորական վաշտի կացարանում բռնկված հրդեհից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր` պետք է խիստ վերահսկողություն լինի հակահրդեհային կանոնների պահպանման նկատմամբ նաև քաղաքացիական օբյեկտներում։ Իսկ հասկանալու համար, թե ինչ վիճակ է ջեռուցման համակարգերով չապահովված դպրոցներում և որքանով են պահպանվում անվտանգության կանոնները` Sputnik Արմենիան այցելել է դպրոցներ, ինչպես նաև զրուցել մարզային պատասխանատուների հետ։
1 / 4
Ջեռուցման համակարգով չապահովված դպրոցների քանակը մարզերում
2 / 4
Ջեռուցման համակարգով չապահովված դպրոցների քանակը մարզերում (Լոռի, Կոտայք, Շիրակ, Սյունիք)
3 / 4
Ջեռուցման համակարգով չապահովված դպրոցների քանակը մարզերում (Արագածոտն, Արարատ, Արմավիր, Գեղարքունիք)
4 / 4
Ջեռուցման համակարգով չապահովված դպրոցների քանակը մարզերում (Վայոց Ձոր, Տավուշ)
Գեղարքունիքի մարզի Նորատուս համայնքում երեք դպրոց կա, որոնցից մեկն է գազաֆիկացված, իսկ մյուս երկուսը ջեռուցվում են փայտե բրիկետներով։ Թիվ 3 միջնակարգ դպրոցում վերջին տարիներին են անցել փայտով ջեռուցման, իսկ մինչ այդ նավթով են դասասենյակները տաքացրել։
Դպրոցի տնօրեն Արև Բաղդասարյանը պատմում է` դիզվառելիքն ավելի վտանգավոր էր, սակայն հսկողությունը շատ խիստ էր, և տարիների ընթացքում որևէ միջադեպ չի եղել. «Իհարկե, երեխաները փորձում էին չարաճճիություն անել, որ վերջին դասը չանեին, բայց պատահարներ չենք ունեցել։ Հիմա էլ դպրոցում ունենք հերթապահներ, որոնք առավոտյան մեկ ժամ շուտ են գալիս և վառարանը վառում, ընթացքում վերահսկում։ Փայտի տաքությունն ուրիշ է` դասասենյակներում բավական տաք է։ Փայտի դեպքում էլ, փառք Աստծո, արտակարգ իրավիճակներ չենք ունեցել»։
Արև Բաղդասարյանը
Դասասենյակներում, իրոք, բավական տաք է` ոչ մի երեխա վերարկուով չի նստում, սակայն այլ հարց են միջանցքները։ Դրանք, բնականաբար, չեն տաքացվում և բավական սառն են։ Դասասենյակներում անհրաժեշտ ջերմաստիճանից (18-22 աստիճան) դեռ ավելին է լինում առաջին դասաժամից հետո։
Աշակերտներն ասում են` արդեն կոփվել են և միջանցք դուրս գալիս չեն մրսում. «Հիմա հանգցրել ենք վառարանը, քանի որ մի քանի ժամ անցել է, ինչ միացված է և արդեն շատ շոգ է։ Իսկ միջանցքներում հիմնականում վազվզում ենք ու չենք մրսում, համ էլ` «կուրտկա» ենք հագնում»։
Ի դեպ, մարզպետարանը գույքագրել է դպրոցի կարիքները` առաջնահերթը ջեռուցման հարցն է. դպրոցում հույս ունեն, որ առաջիկայում շենքը կգազաֆիկացվի։
Նորատուսի թիվ 2 միջնակարգ դպրոցում նույն իրավիճակն է` վերջին տարիներին են դիզելայինից անցել փայտով ջեռուցման։ Նախորդ տարի դասասենյակների պատուհանները փոխել են, իսկ միջանցքներինը չեն հասցրել։
«Ջեռուցման հետևանքով ոչ մի արտառոց դեպք չենք ունեցել այս տարիների ընթացքում, քանի որ հնոցապան ունենք, որը վառում է վառարանները։ Երբեմն պատահում է, որ մեծ դասարանի երեխաները բրիկետ են գցում, երբ զգում են, որ կրակը մարում է, սակայն դա ամենօրյա բնույթ չի կրում։ Դե, միջանցքներում ցուրտ է, կարող է շատ ցուրտ եղանակներին մինուս էլ ունենանք, սակայն այս եղանակը լավն է։ Գազաֆիկացված դպրոցների լավն այն է, որ հավասար ջերմաստիճան է բոլոր տեղերում»,–ասում է դպրոցի տնօրեն Նաիրա Ներսիսյանը։
Նաիրա Ներսիսյանը
Գեղարքունիքի մարզպետարանից դպրոցին խոստացել են` առաջիկայում լուծել ջեռուցման խնդիրը։
Դպրոցի աշակերտներից Իվետա Ստեփանյանը նշում է` առավոտյան, երբ դպրոց են գնում, շատ տաք չի, բայց 3-4-րդ ժամից հետո արդեն շատ շոգ է լինում. «Նախորդ տարիներին, երբ պատուհանները փոխված չէին, այսքան տաք չէր, իսկ հիմա դասերի կեսից արդեն շոգում ենք։ Միջանցքներն էլ մեզ համար այդքան ցուրտ չեն։ Մեզ ասել են, որ վառարաններում փայտ գցել չի կարելի ու որ զգում ենք, կրակը մարում է, ուսուցչին ենք ասում։ Մեզ նաև ցույց են տվել, թե հրդեհի դեպքում ինչպես կարող ենք դպրոցից դուրս գալ»։
Իվետա Ստեփանյանը
Ի դեպ, երկու դպրոցներում էլ կան կրակմարիչներ, տարհանման պլան։ Երկու դպրոցների տնօրեններն էլ վստահեցնում են` չի եղել դեպք, որ իրենց մոտից որևէ մի երեխա տեղափոխվի գյուղի այն դպրոցը, որը գազաֆիկացված է։
Գեղարքունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Զազյանը հայտնեց` մարզում ջեռուցման համակարգով չապահովված դպրոցները 44-ն են. ունեն ինչպես փայտով (5 դպրոց), այնպես էլ հեղուկ վառելիքով ջեռուցվող դպրոցներ (16)։
Նորատուսի թիվ 2 միջնակարգ դպրոցում
«Մեր հիմնական խնդիրն է հեղուկ վառելիքի միջոցով ջեռուցումից անցում կատարել դեպի գազ կամ էլեկտրաէներգիա։ Նախորդ տարեվերջին մարզպետը հանձնարարական տվեց, որ յուրաքանչյուր դպրոց կազմի նախահաշիվ, հասկանանք` ինչքան է կազմելու անցումը գազի։ Ջեռուցման համակարգի տեղադրումը բավական թանկ արժե, և պետք է հասկանանք, թե ինչ միջոցներով ենք կատարելու անցումը»,–ասում է Զազյանը։
Նա նշում է, որ մարզի դպրոցներում հակահրդեհային բոլոր կանոնները պահպանվում են։ Բացի այդ, ջեռուցման համակարգ չունեցող բոլոր դպրոցներն ունեն հնոցապանների հաստիքներ, որոնք էլ զբաղվում են ջեռուցման հարցերով։
Նորատուսի թիվ 3 միջնակարգ դպրոցում
Սյունիքի մարզում ջեռուցման համակարգ չունեցող դպրոցները 67-ն են. դրանց մեծ մասը փայտով են տաքացնում դասասենյակները։ Մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մերի Ղանդալյանն ասում է` այն բնակավայրերի դպրոցներն են փայտով ջեռուցում, որտեղ համայնքը նույնպես գազաֆիկացված չէ։ Այսինքն` վառարանները երեխաները տեսնում են նաև իրենց տանը և գիտեն դրանց հետ ինչպես վարվել։
«Տարբերությունն այն է, որ եթե իրենց տներում երեխաները կարող են վառարանը վառել, դպրոցներում դա արգելվում է։ Ջեռուցման սեզոնին դրա համար սեզոնային աշխատողներ են լինում։ Բացի այդ, հիմնականում դասասենյակների մի անկյունում ենք վառարանները դնում, որպեսզի ավելի անվտանգ լինի երեխաների համար»,–ասում է Ղանդալյանը` հավելելով, որ ունեն դպրոցներ, որոնց համար առաջնահերթություն է ջեռուցման համակարգը, քանի որ դրանք վերանորոգվել են։
1 / 19

Նորատուսի թիվ 2 միջնակարգ դպրոցի աշակերտ Իվետա Ստեփանյանը

2 / 19

Նորատուսի թիվ 2 միջնակարգ դպրոցի աշակերտները դասերից հետո

3 / 19

Նորատուսի թիվ 2 միջնակարգ դպրոցում

4 / 19

Նորատուսի թիվ 2 միջնակարգ դպրոցում

5 / 19

Նորատուսի թիվ 2 միջնակարգ դպրոցի տնօրեն Նաիրիա Ներսիսյանն ու աշակերտները

6 / 19
Дровяная печь в классной комнате в школе №2 общины Норатус
7 / 19

Նորատուսի թիվ 2 միջնակարգ դպրոցի տնօրեն Նաիրիա Ներսիսյանը վառարանի մոտ

8 / 19

Ջերմաչափ՝ Նորատուսի թիվ 2 միջնակարգ դպրոցում

9 / 19

Տարհանման պլան Նորատուսի թիվ 3 միջնակարգ դպրոցում

10 / 19

Նորատուսի թիվ 3 միջնակարգ դպրոցի ուսուցչանոցը

11 / 19

Կրակմարիչ Նորատուսի թիվ 3 միջնակարգ դպրոցում

12 / 19

Նորատուսի թիվ 3 միջնակարգ դպրոցի աշակերտները դասամիջոցի ժամանակ

13 / 19

Նորատուսի թիվ 3 միջնակարգ դպրոցում

14 / 19

Նորատուսի թիվ 3 միջնակարգ դպրոցում դասամիջոց է

15 / 19

Ջերմաչափ Նորատուսի թիվ 3 միջնակարգ դպրոցում

16 / 19

Նորատուսի թիվ 3 միջնակարգ դպրոցում

17 / 19

Նորատուսի թիվ 3 միջնակարգ դպրոցում

18 / 19

Նորատուսի թիվ 3 միջնակարգ դպրոցում

19 / 19

Դասի ժամին

Տավուշի մարզում 29 դպրոց չունի ջեռուցման համակարգ, դրանց մեծ մասը փայտով են տաքացվում։ Մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մերուժան Հարությունյանը նշում է` իրենց մոտ նույնպես աշակերտներն անվտանգության կանոններին բավականին տիրապետում են, քանի որ տներն էլ են փայտով ջեռուցում։ Նա վստահեցնում է` առայսօր որևէ արտակարգ դեպք այդ առումով չեն ունեցել։
Հավելենք, որ ՆԳՆ փրկարար ծառայությունը (նախկինում՝ ԱԻՆ) պարբերաբար ուսումնական վարժանքներ է կազմակերպում կրթօջախներում, անցկացվում են նաև իրազեկման դասեր։