ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik. Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ցուցմունք կտա Իտալիայի դատախազությունում «Յուվենտուս» ֆուտբոլային ակումբի ֆինանսական խարդախության գործով։ Տեղեկությունը հայտնում է «La Gazzetta dello Sport»-ը։
Ըստ հրապարակման՝ դատախազությունը պատրաստվում է Ռոնալդուին 47 հարց ուղղել՝ 2020/21 մրցաշրջանում (կորոնավիրուսային համավարակի ժամանակ) ստվերային վճարումների վերաբերյալ ակումբի հետ նրա համաձայնության շուրջ։ Դեռ հայտնի չէ, թե ֆուտբոլիստը երբ կկարողանա ցուցմունք տալ։
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Ռոնալդուն ինքը կարող է դատի տալ «Յուվենտուսին», քանի որ ակումբը գաղտնի համաձայնագրով մոտ 20 միլիոն եվրո չի վճարել ֆուտբոլիստին:
Հունվարի 20-ին Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի (FIGC) վերաքննիչ դատարանում տեղի են ունեցել ֆինանսական խարդախության գործով դատավարությունը վերսկսելու լսումները։ FIGC-ի դատախազությունը «Յուվենտուսին» զրկել է 15 միավորից, ինչպես նաև ֆուտբոլից հեռացրել է ակումբի մի շարք պաշտոնյաների։