ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik. Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մի խումբ պատգամավորների օգնականներ պարգևավճար են պահանջում և ստորագրահավաք են սկսել։ Տեղեկությունը հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը։
«Ստորագրահավաքը նախաձեռնել ու կառավարում են ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, նրա օգնականը, ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, նրանց օգնականներն ու իշխող խմբակցության փորձագետները: Ակցիային միացել են որոշակի նախաձեռնողականությամբ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի օգնականն ու փորձագետները: Բանն այն է, որ օգնականները, տեսնելով, որ պետծառայողները ստանում են պարգևավճար, իրենք ևս դիմել են ԱԺ նախագահին պարգևավճար ստանալու պահանջով»,–գրում է թերթը։
Ըստ պարբերականի`ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հրաժարվում է պահուստային ֆոնդից պարգևավճար տալ պատգամավորների օգնականներին, և այս պատճառով ՔՊ–ի ներսում լուրջ բախումներ են սկսվել:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ստորագրահավաքին միացել են ՔՊ–ի շուրջ 36 պատգամավորների օգնականները, մասնավորապես` Հայկ Կոնջորյանի, Խաչատուր Սուքիասյանի, Մարիա Կարապետյանի, Ծովինար Վարդանյանի, Զարուհի Բաթոյանի, Վիլեն Գաբրիելյանի, Հայկ Սարգսյանի, Անդրանիկ Քոչարյանի, Վիգեն Խաչատրյանի։
Լրատվամիջոցին ԱԺ–ից հայտնել են, որ պարգևավճարը վերաբերում է միայն պետծառայողներին և չի տարածվում ԱԺ պատգամավորների օգնականների վրա, այդ պատճառով էլ նրանք պարգևավճարը չեն ստացել:
Թերթի այն դիտարկմանը, որ մինչ այս պատգամավորների օգնականները ևս օգտվել են կիսամյակային պարգևավճարերից, ինչու չեն ստացել այս անգամ, ԱԺ-ից պարզաբանել են, որ պարգևավճարների ֆոնդը խնայողությունների հաշվին է ձևավորվել, քանի որ պետծառայողները ստացել են պարգևավճար խնայողությունների հաշվին։