ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik. ՀՀ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և Արմեն Սարգսյանը ուղերձներ են հղել ՀՀ զինված ուժերի կազմավորման 31-ամյակի կապակցությամբ։ Գրառումները հրապարակվել են նախագահների սոցցանցային պաշտոնական էջերում։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ հայոց բանակն անցնում է ամենօրյա փորձությունների միջով, և կարծես չի արվում ոչինչ, որ բանակը վերջապես ուղղի մեջքը։
«Ուզում եմ հավատալ, որ այս իրավիճակը շտկվելու է, և հայոց բանակը վերանվաճելու է Հայաստանի և Արցախի անվտանգության երաշխավորի դիրքերը»,–գրել է Քոչարյանը։
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն էլ իր ուղերձում ընդգծել է, որ ցանկացած ազգ և պետություն դատապարտված է ոչնչացման, քանի դեռ չի գիտակցել, որ իր լինելության առաջին գրավականը բանակն է. չկա բանակ՝ չկա և չի լինելու պետություն:
«Օտար, թեկուզ բարեկամ, պետության բանակը երբեք չի պաշտպանի որևէ ազգի ու պետության սահմաններն այնպես, ինչպես իր հայրենի հողը, պետությունն ու ծնողին պաշտպանող զինվորը: Ուզում ենք հաղթող բանակ՝ չպիտի ունենանք երկիրն ու բանակը անտերության մատնած թուլամորթ, բարոյազուրկ ղեկավար: Բանակն անպարտելի է, երբ այն առաջնորդում են ոգով արի, պատիվ և ազգային արժանապատվություն ունեցողները»,–գրել է նա։
Սարգսյանը շեշտել է, որ թշնամուն ծնկի բերած երբեմնի հզոր հայկական բանակը միֆ համարողները միտումնավոր անարգում են հազարավոր քաջորդիների հիշատակը և գիտակցաբար հուսահատության մղում ժողովրդին:
ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանն էլ խորհրդանշական լուսանկար է հրապարակել և մեկ նախադասություն գրել. «Աստված պահապան հայոց բանակին»։
Հիշեցնենք` հունվարի 28–ին ՀՀ ԶՈւ–ն նշում է իր կազմավորման 31-ամյակը։ 1992թ. հունվարի 28-ին կառավարությունն ընդունեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշում` դրանով իսկ իրավականորեն ազդարարելով Հայոց ագային բանակի ստեղծումը: