Ուժեղ բազուկ և ինտելեկտ. Նիկոլ Փաշինյանը գիտի բանակում բարեփոխումներ անելու բանաձևը

Անդրադառնալով զինված ուժերում կանանց ներգրավվածությանը` Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այդ թիվը պետք է մեծանա, առավել ևս մարտական ծառայության ոլորտում: Դա զինված ուժերի բարեփոխումների հաջորդ կարևոր ուղղությունն է:
Sputnik
Հայաստանին ուժեղ և պրոֆեսիոնալ բանակ է պետք՝ ուժեղ հոգով, ուժեղ իմացությամբ, ուժեղ ինտելեկտով, ուժեղ բազկով, ուժեղ ժամանակակից տեխնոլոգիաներին տիրապետելով: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս հայտարարությունն արել է պաշտպանության նախարարությունում, որտեղ ՀՀ զինված ուժերի կազմավորման 31-րդ տարեդարձի առթիվ տեղի է ունեցել հավաք-խորհրդակցություն ԶՈւ բարձրագույն սպայակազմի մասնակցությամբ: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
«31 տարիների պատմությունը վերլուծելով՝ մենք պետք է արձանագրենք հետևյալը, որ բանակի և պետության որակական կապը շատ ուղիղ է։ Այս կապը մեզ պիտի պարտադրի, որպեսզի բանակի և պետության որակի զարգացումը մեր ամենօրյա աշխատանքը լինի...Մենք պետք է ճանաչենք մեր խնդիրների, մեր բոլոր ձախողումների և մեր բոլոր հաջողությունների էությունը»,–ասել է Փաշինյանը։
Նա ընդգծել է, որ բանակում ծառայող սպան, իր ընտանիքի հետ պետք է բարեկեցիկ կյանքով ապրի, լինի իր գործի պրոֆեսիոնալը։
«Հայաստանի Հանրապետությունում սպայի ընտանիքը պետք է լինի բարեկեցիկ։ Սա է մեր մարտավարական նպատակը, և այս խնդրով ենք մենք առաջնորդվելու։ Բայց սպա լինելը պետք է նշանակի առանձնահատուկ որակների կրում, սպա լինելը պետք է լինի առանձնահատուկ առաքելության գիտակցում և պրոֆեսիոնալ, մասնագիտական առանձնահատուկ հմտությունների իմացություն։ Այս իրողությունները պետք է սերտորեն կապված լինեն իրար հետ։ Եվ մենք զինված ուժերի բարեփոխումների համատեքստում հենց այս բանաձևն ենք դնում»,– նշել էնա։
Վարչապետն անդրադարձել է նաև ժամկետային զինծառայողի պրոֆեսիոնալ կարողությունների ու հմտությունների ձևավորմանը։
«Մենք պետք է հայրենասիրության մեր մոդելի մասին մտածենք։ Մենք պետք է ի վերջո հրաժարվենք կենացային հայրենասիրությունից, երբ ճառերը և իրականությունը կիլոմետրերով շեղված են իրարից»,–նշել է նա։
Անդրադառնալով զինված ուժերում կանանց ներգրավվածությանը` Փաշինյանը նշել է, որ այդ թիվը պետք է մեծանա, առավել ևս մարտական ծառայության ոլորտում: Դա զինված ուժերի բարեփոխումների հաջորդ կարևոր ուղղությունն է:
«Բանակը մեզ անհրաժեշտ է ոչ թե պատերազմի, այլ խաղաղության համար, որովհետև ԶՈւ բարեփոխումներն առաջին հերթին մեզ համար կարևոր են կառավարության որդեգրած խաղաղության օրակարգն առաջ մղելու համար: Մենք չպետք է շեղվենք այդ օրակարգից և հետևողականորեն առաջ մղենք խաղաղության օրակարգը»,– ընդգծել է Փաշինյանը։
Հավաք-խորհրդակցությանը ներկա են եղել ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը, Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը և այլ պաշտոնատար անձինք:
Հիշեցնենք` հունվարի 28–ին ՀՀ ԶՈւ–ն նշում է իր կազմավորման 31-ամյակը։ 1992թ. հունվարի 28-ին կառավարությունն ընդունեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշում` դրանով իսկ իրավականորեն ազդարարելով Հայոց ագային բանակի ստեղծումը:
«Ներողություն եմ խնդրում». Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղել Բանակի օրվա կապակցությամբ