Կարմիր խաչի միջնորդությամբ Հայաստանից 18 մարդ է տեղափոխվել Արցախ

Կարմիր խաչի ավտոմեքենաներ
Արցախից էլ 2 անձ է տեղափոխվել Հայաստան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի – Sputnik. Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ այսօր Հայաստանից Լաչինի ճանապարհով 18 մարդ է տեղափոխվել Լեռնային Ղարաբաղ` ընտանիքի հետ վերամիավորվելու նպատակով։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
«2 անձ էլ տեղափոխվել է Հայաստան, ինչպես նաև 3 բուժառու` հայաստանյան բուժկենտրոններում անհապաղ բուժօգնություն ստանալու համար»,–ասաց Ամատունին։
Նա հավելեց, որ միաժամանակ ԿԽՄԿ մեկ բեռնատար դեղորայք է տեղափոխել ԼՂ բուժհաստատությունների համար։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից սկսած` ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։