ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի – Sputnik. Կիևին կործանիչներ մատակարարելու մասին խոսք անգամ լինել չի կարող, հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը գերմանական Sueddeutsche Zeitung թերթին տված հարցազրույցում` մեկնաբանելով կործանիչներ ստանալու ուկրաինական կողմի ցանկությունը:
Պիստորիուսը պարզաբանել է, որ «կործանիչները իրենցից շատ ավելի բարդ համակարգեր են ներկայացնում, քան մարտական տանկերը, դրանք բոլորովին այլ գործողության շառավիղ և կրակային հզորություն ունեն»:
«Հակառակ դեպքում մենք կգնայինք այդ քայլին, որից հիմա ես կզգուշացնեի հեռու մնալ»,-ավելացրել է պաշտպանության նախարարը։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահի գրասենյակի կայքում տեղադրված հայտարարության մեջ ասվում էր, որ երբ արևմտյան երկրները հայտարարելե են Ուկրաինային տանկեր մատակարարելու մտադրության մասին, Վլադիմիր Զելենսկին խնդրել է օգնություն տրամադրել նաև ինքնաթիռների և հրթիռների տեսքով:
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, պատասխանելով Բունդեսթագի պատգամավորների հարցերին, հայտարարել է, որ Գերմանիան մարտական ինքնաթիռներ չի մատակարարելու և զինվորներ չի ուղարկելու Ուկրաինա «ոչ հիմա, ոչ ապագայում»։ Նրա խոսքով՝ Ուկրաինայի երկնքում «ոչ մի դեպքում» ոչ թռիչքային գոտի չի սահմանվի։ Շոլցն ընդգծել է, որ Գերմանիան խուսափելու է Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև էսկալացիայից։
Ավելի վաղ Ռուսաստանը ՆԱՏՕ-ի երկրներին նոտա էր հղել Ուկրաինային զենք մատակարարելու պատճառով։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել էր, որ ցանկացած բեռ, որը զենք է պարունակում Ուկրաինայի համար, Ռուսաստանի օրինական թիրախը կդառնա։ ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունում հայտարարել էին, որ ՆԱՏՕ-ի երկրները «կրակի հետ են խաղում»՝ զենք մատակարարելով Ուկրաինային։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել էր, որ Արևմուտքի կողմից Ուկրաինային զենքով լցնելը չի նպաստում ռուս-ուկրաինական բանակցությունների հաջողությանը և բացասական ազդեցություն կունենա: