Կարմիր խաչի միջնորդությամբ Արցախից 3 հիվանդ է տեղափոխվել Հայաստան. երկուսը քաղցկեղ ունեն

Բուժառուներն Արցախից տեղափոխվել են ՀՀ տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի – Sputnik. Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ այսօր Արցախից Հայաստան 3 հիվանդ է տեղափոխվել: Տեղեկությունը հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
Հիվանդները մինչ այդ բուժում են ստացել ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոնում»։
Նրանց մոտ ախտորոշված է եղել «Ստամոքսի անտրալ հատվածի քաղցկեղ` ռեգիոնար լիմֆատիկ հանգույցների ախտահարումով», «Ձախ կրծքագեղձի քաղցկեղ» և «Զույգ ծնկների վալգուսային դեֆորմացիա, վիճակ հեմիէպիֆիզեոդեզից հետո»։
Հիշեցնենք, որ արցախյան բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։
«Արևիկ» բուժմիավորումում 9 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում: «Հանրապետական բժշկական կենտրոնում» 16 բուժառու գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 6-ը ծայրահեղ ծանր վիճակում են։
Նշենք, որ մինչ օրս Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան են տեղափոխվել ընդհանուր 49 հիվանդ։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից սկսած` ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։