Իրանը հայտարարում է` Ադրբեջանի դեսպանատան վրա են հարձակվել անձնական դրդապատճառներով

Հոսեյն Ամիր Աբդոլլահիան
Իրանի արտաքին գործերի և ներքին գործերի նախարարները քննարկել են ադրբեջանական դիվանագիտական ներկայացուցչության վրա կատարված հարձակումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի – Sputnik. Իրանի արտաքին գործերի և ներքին գործերի նախարարներ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն ու Ահմադ Վահիդին այսօր կայացած հանդիպումից հետո հաստատել են, որ Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումը անձնական դրդապատճառներով է եղել։
ԻԻՀ ԱԳՆ-ն հայտնում է, որայդ կապակցությամբ անվտանգության անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկվել դիվանագիտական առաքելության բնականոն աշխատանքը շարունակելու համար:
«ԱԳ և ՆԳ նախարարներ Աբդոլլահիանն ու Վահիդին քննարկել են Թեհրանում Ադրբեջանի դեսպանատանը տեղի ունեցած զինված հարձակման նպատակներն ու դրդապատճառները։ Դատելով ցուցմունքներից և նախնական դիտարկումներից՝ տղամարդը հարձակումն իրագործել է անձնական դրդապատճառներով», - նշված է Իրանի ԱԳՆ-ի տելեգրամյանալիքում հրապարակված հայտարարության մեջ:
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ վերջին օրերի հակաադրբեջանական արշավն է հրահրել հարձակումը։ Բաքուն հայտնել է դեսպանատան անձնակազմին տարհանելու մտադրության մասին և վճռական պահանջ ներկայացրել Իրանին, այն է`գտնել և պատասխանատվության ենթարկել հարձակման պատվիրատուներին։
Հիշեցնենք՝ հունվարի 27-ին 50-ամյա Յասին Հուսեյնզադեն մտել է դեսպանատան շենք և կրակ բացել «Կալաշնիկով» ինքնաձիգից՝ սպանելով անվտանգության մեկ աշխատակցի և վիրավորելով երկուսին: Նրան ձերբակալել են։
Ըստ տեղական լրատվամիջոցների` տղամարդը հայտարարել է, թե ապրիլին իր կինը մտել է Ադրբեջանի դեսպանատուն և չի վերադարձել։ Նա բազմաթիվ անգամ հանդիպում է խնդրել դեսպանի հետ, բայց մերժել են: Արդյունքում այսօր առավոտյան տղամարդը որոշել է անձամբ գնալ այնտեղ` իր հետ վերցնելով «Կալաշնիկով» ինքնաձիգը։