Գեղարքունիքում այրվածքներ ստացած զինվորներից մեկը տեղափոխվել է հիվանդասենյակ

Այրվածքաբանության ազգային կենտրոն
Այս պահին այրվածքներ ստացած մեկ զինծառայող է վերակենդանացման բաժանմունքում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի – Sputnik. Գեղարքունիքում ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով այրվածքներ ստացած զինծառայողներից մեկը վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

«Այս պահին Այրվածքաբանության ազգային կենտրոնում բուժում ստացող 3 զինծառայողներից մեկը շարունակում է ինտենսիվ բուժում ստանալ վերակենդանացման բաժանմունքում, բժիշկների գնահատմամբ` նրա առողջական վիճակը ծանր կայուն է»,–ասված է հաղորդագրության մեջ։

Իսկ մյուս երկու զինծառայողների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության։
Հիշեցնենք` հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետևանքով զոհվել է 15, վնասվածքներ ստացել` 7 զինծառայող, նրանցից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել, 3–ը տեղափոխվել են Երևան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Երկուսի վիճակը ծանր է։
Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարն ու այլ բարձրաստիճան զինվորականներ։
Քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ)։ Քրեական վարույթ է նախաձեռնվել նաև պաշտոնատար անձանց կողմից հրդեհային անվտանգության սահմանված կանոնները չպահպանելու, դրա հետ կապված գործառույթները կատարելու հարցում առերևույթ անփութություն դրսևորելու փաստի առթիվ։