ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի – Sputnik. Հայաստանը չի հրաժարվել Ադրբեջանի հետ սահմանին ՀԱՊԿ դիտորդների տեղակայումից։ Այս մասին ՏԱՍՍ–ի թղթակցի հետ զրույցում ասել է ՌԴ-ում Հայաստանի դեսպան, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
«Դուք գիտեք, որ միջպետական հարաբերություններում կարող են որոշ հարցեր լինել, որոնք քննարկվում, և որոնց համար լուծումներ են գտնում։ Ինչ վերաբերում է ՀԱՊԿ դիտորդներին, ոչ ոք նրանցից չի հրաժարվել։ Փաստաթուղթը, որը պետք է ստորագրվեր Երևանում՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի և ՀԱՊԿ միացյալ շտաբի ղեկավարի տարածաշրջան կատարած այցից հետո, չստորագրվեց, քանի որ հայկական կողմը ցանկանում էր այն վերջնական տեսքի բերել։ Այն մշակման փուլում է»,– ասել է նա։
Հարությունյանը նաև հերքել է որոշ քաղաքագետների և ընդդիմադիր գործիչների հայտարարությունները, թե Փաշինյանի կառավարությունը պատրաստվում է ՀՀ-ին հանել ՀԱՊԿ-ից։
«Նմանատիպ մոտեցումները կամ կարծիքները չեն համապատասխանում իրականությանը այն համատեքստում, որ պետությունների միջև հարաբերությունները որոշվում են այն պայմանագրով, որոնք ստորագրվել են, և այդ պայմանագրերը, որոնք ստորագրվել են դեռ 90-ականներին, այժմ շարունակում են գործել։Դուք շատ լավ գիտեք, որ մեր առաջնորդների միջև տասնյակ հանդիպումներ և հեռախոսազրույցներ են եղել։ Վարչապետն (Նիկոլ Փաշինյանը,– խմբ.) արդեն նշել է, որ կազմակերպությունից դուրս գալու մասին խոսք լինել չի կարող, ընդհակառակը, մեր հարաբերությունները խորանում են»,– ասել է դեսպանը։
Նա ընդգծել է, որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, ՀԱՊԿ, ԱՊՀ և այլ տարածաշրջանային կազմակերպությունների անդամ է, որտեղ ներկա է նաև Ռուսաստանը։ Ըստ Հարությունյանի` այս ամենը այն մարդկանց հայտարարություններ են, որոնք չեն հասկանում հայ–ռուսական հարաբերությունները։
Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳ նախարարությունը հայտարարել էր, որ Հայաստանի սահմանամերձ շրջաններում ԵՄ ներկայացուցիչների հայտնվելը կարող է միայն սրել առկա հակասությունները և աշխարհաքաղաքական դիմակայություն բերել տարածաշրջան։