ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի – Sputnik. «Եվրոպական միություն» անվանումը Արևմուտքի ռազմական նպատակներն իրականացնելու համար ընդամենը քողարկման տարբերակ է։ Այսօրվա ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն արեց ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` անդրադառնալով Հայաստան ԵՄ դիտորդական առաքելություն ուղարկելու հարցին։
«ԵՄ անվանումը մնում է տարբեր համաշխարհային գործերում ՆԱՏՕ–ի ակնհայտ դերը քողարկելու համար»,– ասաց Զախարովան։
Դիվանագետի կարծիքով` եթե գործեն ԵՄ–ի միջոցով, ապա ՆԱՏՕ–ի ռազմական ձգտումների վերաբերյալ հարցեր այլևս չեն առաջանա։
«Ցանկացած առաքելություն պետք է աշխատի ի շահ այն երկրների ժողովուրդների, որտեղ նրանք տեղակայվելու են։ Ոչ թե պետք է սպասարկել առանձին խմբի շահերը, այլ աշխատել տարածաշրջանում խաղաղության համար։ Դիվանագիտություն, քաղաքականություն, բանակցային գործիքակազմ. դա կարող է օգնել։ Երբ քաղաքական ինստիտուտների քողի ներքո գործի են դրվում ռազմաքաղաքական դաշինքները, ապա այդ ամենը մեծ հարցականի տակ է դրվում»,– հավելեց նա։
Այդ համատեքստում նա հայտարարեց, որ ՀԱՊԿ–ը, օրինակ, երբեք ռազմական դաշինք չի եղել, և այնտեղ որոշումները կայացվում են ոչ թե հրամանատարավարչական մեթոդներով, այլ կոնսենսուսով։
Հիշեցնենք, որ ԵՄ քաղաքացիական առաքելությունը ՀՀ–ում կսկսի ամբողջությամբ գործել առաջիկա շաբաթներին։ Առաքելության մանդատը նախատեսված է 2 տարով։ Այնտեղ ներառվել է շուրջ 100 մարդ, ներառյալ փորձագետներ և եվրոպացի դիտորդներ։ Նրանք տեղեկություններ են հավաքելու հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ, վերլուծելու է դրանք ու ուղարկելու է Բրյուսել։ Առաքելությունը քաղաքացիական բնույթ է կրում և զենք չի ունենալու, հետևաբար որևէ ագրեսիայի դեպքում դիտորդները անպաշտպան են լինելու։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ–ում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության աշխատանքի առաջին 4 ամիսը կարժենա 8.1 մլն եվրո։