ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի – Sputnik. Երևանում ավտոմեքենան վարելու ընթացքում հանկարծամահ է եղել ԱՄՆ–ում Հայաստանի նախկին փոխդեսպան Արմեն Խարազյանը։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Նա 56 տարեկան էր։
«Հունվարի 27-ին, ժամը 20։00-ի սահմաններում Toyota Land Cruiser մակնիշի ավտոմեքենան Ա․ Ավետիսյան փողոցում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել թիվ 2-րդ շենքի դիմաց, ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Kia մակնիշի ավտոմեքենային»,– հայտնում է կայքը։
Դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկները տեղում արձանագրել են նրա մահը։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է վարույթ, տեղում զննություն է կատարվել։
Դեռ երեկ նա հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերության հաղորդավար Դավիթ Գրիգորյանին։
1999-2001 թթ–ին Խարազյանը եղել է ԱՄՆ-ում հայկական առաքելության նախարար-խորհրդատու և փոխղեկավար, արտաքին գործերի նախարարության ռազմաքաղաքական հարցերի տնօրեն (1997-1999 թթ.), Հայաստանի բանակցային թիմի անդամ: