Աշխատեք որակով, փող ստացեք տոպրակով. քառօրյա աշխատանքային շաբաթվա պլյուսներն ու մինուսները

Համակարգիչների դիմաց նստած տղամարդիկ
Եկեք անկեղծ լինենք։ Երբ անցած դարի կեսերին անգլիացի գրող Սիրիլ Նորքոտ Փարքինսոնն առաջին անգամ «էկոնոմիստ» հանդեսում հրապարակեց իր հանրահայտ օրենքը՝ «Աշխատանքը կատարվում է այնքան ժամանակում, որքան հատկացված է դրա կատարման համար», քչերը հասկացան այդ մտքի խորը իմաստը։
Sputnik
Բայց մենք հո լավ գիտենք՝ եթե մեզ հանձնարարում են այսինչ գործն անել մեկ շաբաթվա ընթացքում, մենք մի շաբաթ էլ կձգենք։ Իսկ եթե մեզ ասեն՝ մեկ օրում է պետք ավարտել նույն աշխատանքը, հենց մի օրում էլ ամեն ինչ կավարտենք։ Այդպես չէ՞։
Եվ հիմա, երբ տարբեր երկրներում պատրաստվում են հրաժարվել ավանդական հնգօրյա աշխատանքային շաբաթից և անցնել քառօրյայի, միշտ հիշում եմ տնտեսական և ֆինանսական ճգնաժամը, որը մի քանի տարի առաջ պարզապես ցնցեց Եվրամիության երկրներից մեկը՝ Հունաստանը։ Այն ժամանակ որոշ դժգոհ եվրոպացիներ զայրացած հարցնում էին. «Ինչո՞ւ պիտի մենք օգնենք հույներին, որոնք թամբալ են ու չեն սիրում աշխատել»։ Այս մեղադրանքն ակնհայտորեն անհիմն էր, որովհետև, ըստ վիճակագրության, աշխատանքային շաբաթը Հունաստանում ամենաերկարներից մեկն էր ողջ Եվրամիությունում, ուղղակի արտադրողականությունն էր շատ ցածր։
Առաջնորդները երազում են հավերժ ապրել. կհայտնաբերվի՞ արդյոք երիտասարդության կենսադեղը
Հենց այս իրողությամբ էլ ղեկավարվում են աշխատանքային շաբաթի կրճատման ջատագովները, որոնք համոզված են՝ անփոփոխ թողեք մարդու աշխատավարձը, և նա ի հաշիվ արտադրողականության բարձրացման նույն աշխատանքը կանի ոչ թե հինգ, այլ չորս օրում։ Մի բան էլ ավելին։ Որովհետև երեք ազատ օրվա ընթացքում նա հնարավորություն կունենա լիարժեք հանգստանալու, շփվելու ընտանիքի հետ և վերականգնելու ուժերը։ Բացի դրանից, կսկսի հետզհետե անշեղորեն կրճատվել գործազրկության մակարդակը, քանզի եթե մարդը մի օր պակաս է աշխատում, դրանով իսկ թույլ է տալիս գործատուին ներգրավել նոր աշխատողների։
Ի դեպ, որոշ երկրներում գործատուին խրախուսում է նաև պետությունը։ Իսպանիայում, օրինակ, կառավարությունը խոստացել է 150 հազար եվրո հատկացնել այն փոքր ընկերություններին, որոնք կանցնեն քառօրյա աշխատանքի։
Անցած մեկ տարին որոշ մասնագետներ հեղափոխական են անվանում, քանզի հետաքրքրությունը քառօրյա ժամանակացույցի նկատմամբ կտրուկ աճել է։ Աշնանը 4 Day Week Global միջազգային կազմակերպությունն ամփոփեց իր աննախադեպ նախաձեռնության արդյունքները։ Աշխարհի 33 ընկերություններին առաջարկվել էր առնվազն կես տարի աշխատել քառօրյա ռեժիմով։ Չեք հավատա, բայց այս ծավալուն ծրագրի ավարտից հետո չգտնվեց գեթ մեկ ընկերություն, որը ցանկություն կհայտներ վերադառնալ հին ու փորձված հնգօրյա ժամանակացույցին։
Այս միտումը, իհարկե, նոր չի սկսվել։ Դեռ 2019 թվականին «Microsoft» ընկերության ճապոնական մասնաճյուղն ուրբաթ օրերը դարձրեց ոչ աշխատանքային։ Ու միանգամից էլ նոր առավելություններ ի հայտ եկան՝ էլեկտրականության սպառումը կրճատվեց 23 տոկոսով, իսկ թղթի խնայողությունը կազմեց ավելի քան 50 տոկոս։ Աշխատողներն էլ են տնտեսում՝ սեփական մեքենայով չես գալիս գործի, ուրեմն խնայում ես ոչ միայն վառելիքը, այլև ժամանակդ, էլ չեմ ասում էկոլոգիական օգուտների մասին։ Այսինքն` 32-ժամյա աշխատանքային շաբաթի առավելությունները կարծես թե ակնհայտ են։ Այդ դեպքում, եթե համաձայն եք այս պնդման հետ, կարո՞ղ եք բացատրել՝ ինչո՞ւ մինչև հիմա աշխարհի ոչ մի երկիր պաշտոնապես չի անցել քառօրյա աշխատանքային ժամանակացույցին։ Պատճառները շատ են։
Գերբնական ունակություններ. դրանց հավատում էին ոչ միայն Հայաստանում, այլ ԱՄՆ-ում և Սովետում
Փորձեք պետական չինովնիկին կամ գործատուին համոզել, որ Հենրի Ֆորդը ժամանակին կրճատեց աշխատանքային շաբաթը 60 ժամից մինչև 40 ժամ և լրացուցիչ եկամուտ ստացավ, որովհետև լիարժեք հանգստանալու հնարավորություն ունեցող բանվորները սկսեցին ավելի արդյունավետ աշխատել։ Համոզված եմ՝ շատ քչերը կհավատան, որ ավելի քիչ աշխատելով կարելի է ավելի լավ արդյունքների հասնել։ Չե՞ք հիշում, թե ինչպես էր մեր էկոնոմիկայի նախարարը համոզում բոլորիս, որ ընդհակառակը՝ Հայաստանի տնտեսությունը էապես կշահի, եթե կրճատենք Ամանորի ոչ աշխատանքային օրերը։ Լավ է` հիմա այդ նախարարությունում չեն պնդում, թե հենց դրա շնորհիվ անցած տարի երկնիշ տնտեսական աճ ունեցանք։ Գիտեն, որ նույնիսկ մասնագիտական գիտելիքներ չունեցողները հրաշալի հասկանում են, թե ինչ գործոններ են դեր խաղացել։ Բայց պարզունակ մտածողությունը հո միայն Հայաստանի՞ն բնորոշ չէ՝ կարծրացած չինովնիկը, ինչպես պրեֆերանսում են ասում, Աֆրիկայում էլ է կարծրացած չինովնիկ։
Եվ այնուամենայնիվ չի բացառվում, որ հենց այս տարի որոշ երկրներում հերթական կամ արտահերթ ընտրությունների արդյունքում իշխանության կգան առաջնորդներ, որոնք վերջապես կիրականացնեն աշխատանքային հեղափոխությունը։ Չէ՞ որ հայտնի ասացվածք կա. «Եթե ինչ-որ ղեկավար ինձ ասում է «ո՛չ», ամենևին չի նշանակում, որ ես չեմ կարող այդ բանն անել, ընդամենը նշանակում է, որ ես չեմ կարող այդ բանն անել տվյալ ղեկավարի հետ»։
90 վայրկյան մինչև համամարդկային աղետը. «աշխարհի վերջի» ժամացույցը տագնապ է հնչեցնում
Ապագա կա, բայց ինչպիսի՞ն է լինելու այդ ապագան. 2023-ի կանխատեսումները