Զորամասի հրդեհի գործով նոր մեղադրյալներ կներգրավվեն. դատախազը մանրամասներ ներկայացրեց

Աննա Վարդապետյանը խոստացավ, որ պարբեաբար հանրությանը կտեղեկացնեն քրեական գործի ընթացքի, նոր բացահայտված հանգամանքների մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. Գեղարքունիքում ինժեներասակրավորային վաշտի ժամանակավոր կացարանում բռնկված հրդեհի դեպքով մեղադրյալների թիվն առաջիկայում կավելանա։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում հայտնեց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։
Նախաքննության շահերից ելնելով` դատախազը չբացահայտեց այն անձանց հաջորդականությունը, ում նկատմամբ գործողություններ են իրականացվելու։
«Բոլոր անձանց նկատմամբ խափանման միջոցի հարցերն են քննարկվելու, և կան այդ ուղղությամբ արդեն ստրատեգիական լուծումներ։ Համադրվում են կանոնադրություններն ու կանոնագրքերը, բոլոր բլանկետային նորմերն ու քրեաիրավական արգելքները` հասկանալու համար, թե ով ինչ չի արել անվտանգության կանոններն ապահովելու տեսանկյունից»,– ասաց Վարդապետյանը։
Դատախազը հայտնեց, որ 2023թ–ի հունվարի 21-ին հանձնարարել է ՀՀ բոլոր մարզային դատախազներին` պարզել ու զեկուցել ՀՀ–ում տեղակայված բոլոր զորամասերի, այդ թվում վերջին տարիների ռազմական գործողությունների հետևանքվ տեղակայված ժամանակավոր զորամասերի կենցաղավարման կանոնների, հատկապես անվտանգության կանոնների ու կեցավայրի պայմանները։
«Օրինակ` ինչով են ապահովված կացարանների ծածկերը, կա՞ արդյոք երկրորդ ելք, որպեսզի երբեք թակարդի էֆեկտ չստեղծվի` ինչպես այս ողբերգության ընթացքում մենք ականատես եղանք»,– ասաց Վարդապետյանը։
Գլխավոր դատախազը խոստացավ, որ պարբերաբար հանրությանը կտեղեկացնեն քրեական գործի ընթացքի, նոր բացահայտված հանգամանքների մասին։
Հիշեցնենք` հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետևանքով զոհվել է 15, վնասվածքներ ստացել` 7 զինծառայող, նրանցից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել, 3–ը տեղափոխվել են Երևան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Երկուսի վիճակը ծանր է։
Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարն ու այլ բարձրաստիճան զինվորականներ։
Քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ)։ Քրեական վարույթ է նախաձեռնվել նաև պաշտոնատար անձանց կողմից հրդեհային անվտանգության սահմանված կանոնները չպահպանելու, դրա հետ կապված գործառույթները կատարելու հարցում առերևույթ անփութություն դրսևորելու փաստի առթիվ։
Ձերբակալվել է ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գոռ Աղեկյանը։