«Սոթքում սեպտեմբերյան ագրեսիայից հետո վնասված տների հիմնական մասը վերանորոգվել է». մարզպետ

Կարեն Սարգսյանը Սոթքում. արխիվային լուսանկար
Կարեն Սարգսյանը հայտնեց, որ Սոթք համայնքում 14 ընտանիք կա, որոնց տները չեն վերականգնվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. Գեղարքունիքի մարզի Սոթք համայնքում սեպտեմբերյան ագրեսիայից հետո վնասված կամ ամբողջությամբ փլուզված տների հիմնական մասն արդեն վերականգնվել և հիմնանորոգվել է։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։
«Ավարտված չեն այն բնակարանների վնասները, որոնց սեփականատերերն այնտեղ չեն ապրում կամ վերցրել են գումարները և չեն ծախսել վնասի վերականգնման վրա։ Ընդհանուր առմամբ այդ ընտանիքները մոտ 14-ն են։ Կա ևս 2 ընտանիք, որոնք ՀՀ–ում չեն գտնվում»,– ասաց Սարգսյանը։
Հիշեցնենք` ՀՀ քննչական կոմիտեն հունվարի 24-ին հայտնել էր, որ 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացված ռազմական ագրեսիայի հետևանքով Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի համայնքներում կատարվել է շուրջ 100 դեպքի վայրի զննություն և պարզել վնասները` ավերված կամ վնասված համայնքապետարանի շենք, հրշեջ փրկարարական ջոկատի շենք, դպրոց, 3 հյուրատուն, հանդիսությունների սրահ, 100-ից ավելի սեփական բնակելի տուն, անասնագոմեր, ջերմոց, մեկ տասնյակի հասնող քաղաքացիական ավտոմեքենաներ, ավտոճանապարհներ, այրված խոտածածկ և անտառածածկ մեծ տարածքներ, պտղատու այգի։
Բացի այդ վնասվել են նշված մարզերում տեղակայված 6 զորամաս, ռազմական օբյեկտներ և տեխնիկա, այդ թվում՝ բուժծառայության 2 մեքենա:
Թշնամու ուզածը չի լինի` գյուղը չենք լքի. Սոթքի բնակիչների տներն ավերվել են, սրտերը` ոչ