ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով 2-րդ բանակային կորպուսի թիկունքի և կոմունալ-շահագործման ծառայության գծով բրիգադի հրամանատարի տեղակալին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան: Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց ՔԿ մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը:
Խոսքը Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում 15 զինծառայողի կյանք խլած հրդեհին առնչվող քրեական գործի մասին է։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ փոխգնդապետ Գոռ Աղեկյանը ձերբակալվել է իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունքի մեղադրանքով, որի հետևանքով զոհվել են ինժեներասակրավորական վաշտի 15 զինծառայողներ, իսկ սպան (քննության վարկածով հենց նա է վառել վառարանը) և ևս չորս զինծառայողներ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Հիշեցնենք` հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետևանքով զոհվել է 15, վնասվածքներ ստացել` 7 զինծառայող, նրանցից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել, 3–ը տեղափոխվել են Երևան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Երկուսի վիճակը ծանր է։
Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարն ու այլ բարձրաստիճան զինվորականներ։
Քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ)։ Քրեական վարույթ է նախաձեռնվել նաև պաշտոնատար անձանց կողմից հրդեհային անվտանգության սահմանված կանոնները չպահպանելու, դրա հետ կապված գործառույթները կատարելու հարցում առերևույթ անփութություն դրսևորելու փաստի առթիվ։