ՀՀ–ում ԵՄ դիտորդները կարող են աշխարհաքաղաքական դիմակայություն մտցնել տարածաշրջան. ՌԴ ԱԳՆ

ՌԴ խաղաղապահ զորակազմը և ռուս սահմանապահները կարձագանքեն ԵՄ դիտորդների հայտնվելուն՝ հաշվի առնելով տիրող իրավիճակը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. Հայաստանի սահմանամերձ շրջաններում Եվրամիության ներկայացուցիչների հայտնվելը կարող է միայն աշխարհաքաղաքական դիմակայություն բերել տարածաշրջան և սրել առկա հակասությունները։ Այս մասին նշված է ՌԴ արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ։ ՌԴ ԱԳՆ–ն ընդգծում է, որ Անդրկովկասում Ռուսաստանի միջնորդական ջանքերը ճնշելու փորձերը կարող են վնաս հասցնել հայերի և ադրբեջանցիների արմատական շահերին ու խաղաղությունը տարածաշրջան վերադարձնելուն։
«Հայաստանի սահմանամերձ շրջաններում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի կցորդի վերածված, ԱՊՀ տարածքում առճակատման քաղաքականություն վարող Եվրամիության ներկայացուցիչների հայտնվելը կարող է միայն աշխարհաքաղաքական դիմակայություն բերել տարածաշրջան և սրել առկա հակասությունները։ Չպետք է նաև մոլորության մեջ գցի ԵՄ - ի առաքելության հայտարարած քաղաքացիական բնույթը. այն ձևավորվում է անվտանգության և պաշտպանության ոլորտում ԵՄ-ի ընդհանուր քաղաքականության շրջանակներում ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով», - ասված է գերատեսչության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:
ՌԴ ԱԳՆ–ում համոզված են, որ տեսանելի ապագայում տարածաշրջանում կայունության և անվտանգության առանցքային գործոն են մնում «ռուսական խաղաղապահ զորակազմը, որը տեղակայվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների հայտարարության հիման վրա, ինչպես նաև հայկական սահմաններին ծառայություն իրականացնող ռուս սահմանապահները»։
«Նրանք կարձագանքեն ԵՄ-ի դիտորդների պահվածքին՝ հաշվի առնելով իրավիճակի զարգացումը», - հավելել են Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում:
ՌԴ ԱԳՆ-ում արձանագրում են, որ Երևանում տրամաբանական ավարտին չհասցնելով ՀԱՊԿ առաքելության ուղղությամբ աշխատանքը` նախընտրել են ընտրություն կատարել հօգուտ ԵՄ-ի։ Եթե Հայաստանի մեր գործընկերները պահպանեն հետաքրքրությունը ՀԱՊԿ-ի ներուժի գործարկման հարցում, այն կարող է օպերատիվ առաքելություն ծավալել Հայաստանում։
Հիշեցնենք, որ հունվարի 23-ին ԵՄ դիվանագիտական ծառայությունը հայտնել էր, որ Եվրամիությունը նախատեսում է Հայաստանի և Ադրբեջանի սահման ուղարկել նոր առաքելություն, որը կունենա մինչև 100 դիտորդ։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ողջունել էր Եվրամիության կողմից ԵՄ նոր քաղաքացիական առաքելություն ուղարկելու որոշումը: Նրա կարծիքով ՝ այդ առաքելությունը կնպաստի տարածաշրջանում խաղաղությանը, կայունությանն ու անվտանգությանը։ Ադրբեջանական կողմը հայտարարել է, որ հաշվի է առնում Եվրամիության որոշումը և հույս ունի, որ այդ առաքելության գործունեության իրականացումը չի խաթարի փոխադարձ վստահությունը: