ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. Եվրոպական արտադրության մի շարք դեղամիջոցներ, որոնց դեֆիցիտ կա ՀՀ–ում, ներմուծողները կարող են առանց գրանցման դրանք այստեղ բերել։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկությունը հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը` անդրադառնալով դեղերի շուկայում առկա դեֆիցիտին։
Sputnik Արմենիան անդրադարձել էր այս թեմային. դեռ նախորդ տարվա ավարտին շատերը դժգոհում էին, որ դեղատներում չկա այս կամ այն դեղը։ Դեղագործական ընկերություններից ահազանգում էին` բնակչության համար շատ կարևոր ու պահանջված դեղեր թույլ չեն տալիս ներկրել դրանց գրանցված չլինելու պատճառաբանությամբ։
«Միջազգային դեղագործական շուկայում բավական դեֆիցիտ կա, կա հումքի և լոգիստիկ շղթաների խնդիր։ Խնդրի լուծման համար մի շարք որոշումներ ենք կայացրել, և մինչև կկարգավորվի արտադրություններում հարցը, հնարավորություն ենք ընձեռել ՀՀ ներմուծել որոշ դեղեր առանց գրանցման»,–ասաց Ավանեսյանը։
Նրա խոսքով` երբ դեղը չգրանցված է, չի նշանակում, որ այն չի անցնում բոլոր կարգավորող համակարգերով. այն անպայման հավաստագրվում է։
Առողջապահության նախարարը հայտնեց` շաբաթական կտրվածքով մոնիտորինգ են անում, և եթե մի տեսակի դեղորայքի նվազում է արձանագրվում, քայլեր են ձեռնարկում այն ձեռք բերելու համար։