Հայաստանից 331 մլն դոլար չի բռնագանձվի. արբիտրաժային տրիբունալը մերժել է «Ռասիա ՖԶէ»–ին

Հայցվոր կողմին նաև պարտավորեցրել են փոխհատուցել այս տարիների ընթացքում Հայաստանի կատարած շուրջ 3 մլն դոլարի փաստաբանական ծախսերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. Արբիտրաժային տրիբունալը մերժել է ընդդեմ Հայաստանի Հանրապետության ներկայացված շուրջ 331 միլիոն ԱՄՆ դոլար բռնագանձելու մասին պահանջը։ Տեղեկությունը հայտնում է միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը։
2018 թ–իօգոստոսի 3-ին Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոն (ICSID) է մուտքագրվել «Ջ. Բորկովսկին և «Ռասիա ՖԶէ»-ն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» արբիտրաժային գործը։
Մոտ 3 տարի շարունակվող գործի առնչությամբ հունվարի 20-ին արբիտրաժային տրիբունալը կայացրել է վճիռ՝ ամբողջությամբ մերժելով հայցվորների պահանջները։ Ավելին` տրիբունալը պարտավորեցրել է հայցվորներին Հայաստանի Հանրապետությանը փոխհատուցել ընդհանուր շուրջ 2,8 միլիոն ԱՄՆ դոլար՝ որպես կրած իրավաբանական վճարների և այլ ծախսերի հատուցում։
Հիշեցնենք` 2018 թվականի սեպտեմբերի 4-ին այն ժամանակ տրանսպորտի, կապի, և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց, որ «Ռասիա ՖԶԷ»-ն հայց է ներկայացրել ընդդեմ Հայաստանի Հանրապետության։ Ընկերությունը պետք է իրականացներ Հայաստանի հարավային երկաթուղու նախագծումը, ֆինանսավորումը, կառուցումը և շահագործումը։ 2013 թվականի հունվարի 18-ին Բարկովսկին իր «Ռասիա ՖԶԷ»-ի անունից փոխըմբռման հուշագիր էր ստորագրելՀայաստանի կառավարության հետ՝ ի դեմս տրանսպորտի և կապի այն ժամանակվա նախարար Գագիկ Բեգլարյանի։ Հայտարարվում էր, որ «Հայաստանի հարավային երկաթուղին» անցնելու էր Սյունիքի, Վայոց Ձորի և Գեղարքունիքի մարզերով: Նշվում էր, թե այն դառնալու է «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի պակասող առանցքային օղակ` Սև ծովի նավահանգիստներից դեպի Պարսից ծոցի նավահանգիստներ կատարվող փոխադրումների ամենակարճ ուղին:
2017 թվականի հունվարին ՀՀ կառավարությունը լուծարեց «Երկաթուղու շինարարության տնօրինություն» ՓԲԸ-ն` այսպիսով «փակելով» նաև երկաթուղու շինարարության թեման։
2018–ին նախարար Աշոտ Հակոբյանը հայտարարեց, թե հայկական կողմը ձեռքերը ծալած չի նստելու,և կառավարության կողմից ներգրավվել է միջազգային հեղինակավոր կազմակերպություն՝ Հայաստանի շահերը պաշտպանելու համար։ Ըստ նրա` «Ռասիա ՖԶԷ»-ն չափազանց կասկածելի է, «ֆեյք» ընկերություն է։
Փախած ներդրողը Հայաստանի իշխանություններից 160 մլն դոլար է պահանջում
Նշենք, որ ընկերությունը 2013 թվականին գրանցվել է Դուբայում։ Ինչպես ասուլիսի ժամանակ նշում էր Հակոբյանը` չունի կենսագրություն, չկան կոնտակտային տվյալներ, «զբաղեցնում է մի փոքր գրասենյակ ինչ-որ օֆիսային շենքում ու իր վրա է վերցրել Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման 3․5 միլիարդից 5 միլիարդ դոլար արժողությամբ ծրագրի իրականացումը․․․»։
Արբիտրաժային գործը հարուցվել էր «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ներդրումների փոխադարձաբար խրախուսման և պաշտպանության մասին» պայմանագրի, ինչպես նաև նշված ընկերության և ՀՀ կառավարության միջև 2012թ–ին կնքված կոնցեսիոն պայմանագրերի հիման վրա։
Հայցվորները պնդում էին, որ ՀՀ–ն խախտել է կոնցեսիոն պայմանագրերի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ներդրումների փոխադարձաբար խրախուսման և պաշտպանության մասին» պայմանագրի ներքո ստանձնած մի շարք պարտավորություններ:
Իրան–Հայաստան երկաթուղու ներդրողը թաքնվում է իշխանություններից
Պահանջում էին Հայաստանից բռնագանձել շուրջ 225 միլիոն ԱՄՆ դոլար, ինչպես նաև 2015թ․ մարտի 18-ից մինչև արբիտրաժային վճռի կայացումը հաշվեգրված տոկոսները՝ շուրջ 106 միլիոն ԱՄՆ դոլար։