Հայաստանի հակառակորդները Ֆրանսիայի հակառակորդներն են. ՆԳՆ ղեկավար Դարմանեն

Ֆրանսիայի նախկին դեսպանը պատմել է` ինչ հանգամանքներում է արվել այդ հայտարարությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) ընթրիքի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանի հակառակորդները Ֆրանսիայի հակառակորդներն են։ Այս մասին Twitter–ի իր էջում գրել է Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպան Ժոնաթան Լաքոտը։
«Հայաստանի հակառակորդը Ֆրանսիայի հակառակորդն է»։ Ժերալդ Դարմանեն, ներքին գործերի նախարար, որը նախագահին և կառավարությանը ներկայացնում է CCAF–ի ամենամյա ընթրիքին», – Դարմանենին կարճ ներկայացրել է Լաքոտը։
Ավելի վաղ խորհրդի ներկայացուցիչներ Մուրադ Փափազյանն ու Արա Թոռանեանը հանդիպում են ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ և մանրամասն քննարկել ՀՀ–ի և ԼՂ–ի անվտանգության հարցերը։ Մասնավորապես, նրանք Ֆրանսիայի առաջնորդի ուշադրությունը հրավիրել են ԼՂ–ում առկա հումանիտար ճգնաժամի վրա, որը կարող է իսկական աղետի վերածվել։
Համայնքի ակտիվիստները շնորհակալություն են հայտնել նախագահին իրենց ցուցաբերված ուշադրության համար, հայտարարել Ֆրանսիայի կողմից օգնության անհրաժեշտության մասին և հույս հայտնել, որ Փարիզն ավելի ու ավելի ակտիվորեն կներգրավվի ԼՂ–ի բնակչության անվտանգությունն ապահովելու գործին։
Հիշեցնենք, որ ՀՀ իշխանություններն արգելել են Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստան։ Փափազյանն իր հերթին դատի է տվել ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը և պահանջել, որ դատարանն ԱԱԾ–ին պարտավորեցնի հեռացնել իր անունը անցանկալի անձանց ցանկից։